Ադրբեջանցիները տեսնում են մեր գյուղերը, մենք չենք տեսնում ադրբեջանական դիրքերը. Օսկանյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ հայկական ուժերի կորցրած 800 հեկտարը ռազմավարական ու մարտավարական առումով որեւէ նշանակություն չունի, թուլացնում է մեր դիրքերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Գյումրիում կուսակցության տարածքային գրասենյակի բացումից հետո լրագրողներին ասել է Վարդան Օսկանյանը: «Ես որպես այդպիսի հայտարարություն երբեք չէի անի, դա թուլացնում է դիրքերը եւ ռազմական եւ բանակցային առումով: Գոնե տեղանքը իմացող մարդիկ, որոնք եղել են այնտեղ, տեսել են, որ այն, ինչ կորցրել ենք, կրկնակի ստրատեգիական նշանակություն ունի: Մի կողմից մենք հայկական գյուղն էինք հսկում, մյուս կողմից՝ տեսնում ամբողջ ադրբեջանական մի շրջան: Այդ բոլորը փոխվել են. ադրբեջանցիները տեսնում են մեր գյուղերը, մենք ընդհանրապես չենք տեսնում ադրբեջանական դիրքերը»,- ասաց Վարդան Օսկանյանը:
