Հենց այդ իրողությունից էլ բխում է մեր շարժման գլխավոր նպատակը. Արա Աբրահամյան
Կառավարության նիստերի դահլիճում ընթանում է «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների համաժողովը, որի հիմնական զեկուցողը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է: Ներկա են Արա Աբրահամյանի եղբայրը` նախկին ՕԵԿ-ական, գործարար Սերյոժա Աբրահամյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և մարզերից ժամանած տարբեր պաշտոնյաներ: «Մենք չենք կարող անտարբեր մնալ 21-րդ դարի թելադրած մարտահրավերների հանդեպ: Մենք չենք կարող հանգիստ նստել ու սպասել, թե ի՞նչ տեղի կունենա և ի՞նչ է սպասվում մեզ: Ընթացիկ հարյուրամյակն իր դաժան մարտահրավերներով նման անհոգության տեղ չի թողնում: Համազգային միասնությամբ մենք կարող ենք դիմակայել այդ մարտահրավերներին: Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը, համոզված լինելով, որ աշխարհաքաղաքական բուռն զարգացում ապրող իրադարձությունները դեռ շատ փորձություններ կարող են մատուցել, նախաձեռնեցին «Հանուն համազգային միասնության շարժումը», որն արդեն կյանքի ուղեգիր է ստացել և ձեռք բերել իր համախոհներին: Հայաստանում արդեն ձևավորվել են շարժման մարզային և քաղաքային կառույցներ, որոնք հետևողական աշխատանք են տանում համախոհների հավաքագրման ուղղությամբ: Այսօր հայ ժողովրդի երեք հատվածները` Հայաստանը, Արցախը և սփյուռքը հայտնվել են շահերի նույն հարթության վրա: Հենց այդ իրողությունից էլ բխում է մեր շարժման գլխավոր նպատակը` նպաստել համազգային շահերի շուրջ համայն հայության համախմբմանը»,–իր ելույթում ասաց Արա Աբրահամյանը:
