Թուրքիան հայտնվել է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի «ամոթալի ցուցակում»
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց առևտրի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան այս զեկույցում հայտնվելու է «ամոթալի ցուցակում»: Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Էրդողան Թոփրաքը թեմայի առնչությամբ նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) իր կառավարման 14 տարիների ընթացքում Թուրքիան վերածել է «մարմնավաճառության և մարդկանց առևտրի կենտրոնի»: Թոփրաքի տեղեկացմամբ՝ պետքարտուղարության զեկույցում Թուրքիայի վերաբերյալ մասնավորպես հետևյալն է արձանագրվել. - Մարմնավաճառության, մարդկանց առևտրի և անմարդկային պայմաններում մարդկանց հարկադիր աշխատանքի համար Թուրքիան հանդիսանում է և որպես նպատակակետ, և որպես տարանցիկ երկիր, իսկ որոշ դեպքերում՝ նաև որպես ելակետային երկիր: - Թուրքական ոստիկանությունը հարկ եղածի պես չի հետևում մարդկանց առևտրին, չի վերահսկում ենթակառույցները: Մարդկանց առևտրի դեմ պայքարի նվազագույն միջոցառումներ անգամ այս երկրում չեն կատարվում: - Վերջին մեկ տարում շուրջ 1 միլիոն սիրիացի և 100.000 իրաքցի փախստական է տեղափոխվել Թուրքիա: Հազարավոր փախստական երեխաներ փողոցներում ողորմություն են խնդրում, իսկ մեծահասակները արհեստանոցներում ու դաշտերում հարկադրաբար աշխատում են ստրուկների պես. նրանք անչափ ցածր աշխատավարձով, անմարդկային պայմաններում կատարում են շատ ծանր աշխատանքներ: - Սիրիացի և այլ օտարազգի կանայք ու աղջիկները իսլամիստական խմբավորումների կազմում վաճառվում են հասարակաց տներին, գումար վաստակելու նպատակով բառերում, դիսկոներում, տներում հարկադրաբար մարմնավաճառությամբ են զբաղվում: - ԱԶԿ-ի իշանությունը 2009թ. հետո չի թարմացրել ու զարգացրել մարդկանց առևտրի դեմ պայքարի իր գործողությունների պլանը: Այդ պատճառով էլ մարդկանց շահագործումներն ու առևտուրը ավելի է հեշտանում և տարածվում: Աղբյուր` Ermenihaber
