Մանկավարժական համալսարանը պարզաբանում է
ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել hayeli.am կայքում հրապարակված Միրզախանյանը թույլ չի տվել ինքնասպան եղած ուսանողուհու մորը մուտք գործել համալսարան նյութի առնչությամբ:
Պարզաբանման մեջ ասված է.
Նախ, Ջուլիետա Կարապետյանի մայրը դիմել է մանկավարժական համալսարան երկու ամիս առաջ, ավարտական քննություններից հետո: Այդ ժամանակ նրան լսել են ռեկտորատի ներկայացուցիչները, նրան ընդունել է ռեկտորը, նրա գրավոր հարցմանը տրվել է գրավոր պատասխան: Սակայն գնահատականը չի փոխվել, քանի որ մինչ այդ ուսանողուհուն քննել է 9 հոգանոց հանձնաժողովը, իսկ բողոքարկման հանձնաժողովը լսել է դիմումը՝ ուսանողուհու ներկայությամբ, եւ գրանահատակը թողել անփոփոխ: Դրանից հետո մոր բողոքներն ուղղվել են դեպի Կրթության եւ գրության նախարարություն:
Մանկավարժական համալսարանը սգում է իր ուսանողուհու ողբերգական մահը, սակայն այն կապել դեռեւս 2 ամիս առաջ տեղի ունեցած ավարտական քննությունների հետ, կարծում ենք կոռեկտ չէ: Հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն եւ ինչպես Ջուլիետայի հարազատներին եւ հանրությանը, այնպես էլ մեզ, հետաքրքրում են երիտասարդ աղջկա ողբերգական մահվան պատճառները:
