Միրզախանյանը թույլ չի տվել ինքնասպան եղած ուսանողուհու մորը մուտք գործել համալսարան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինքնասպան է եղել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Ջուլիետա Կարապետյանը: Hayeli.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած ուսանողուհին մանկավարժական համալսարանի պետական քննությունից կտրվել է, ստացել է անբավարար գնահատական, որից հետո բողոքարկել է քննության արդյունքները, սակայն նրան թույլ չեն տվել վերահանձնել քննությունը: Այս ամենից հետո Ջուլիետա Կարապետյանի մայրը փորձել է հանդիպել մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ, բայց ապարդյուն. համալսարանի հերթապահ ոստիկաններին հրահանգել են թույլ չտալ ուսանողուհու մորը մուտք գործել կրթօջախ: Հետաքրքրական է, որ վերը նշված պետական քննությունից անբավարար են ստացել 20 ուսանողներից 15-ը: Հիշեցնենք, որ ուսանողուհին ունեցել է նաև անձնական խնդիրներ, դրան ավելացել են խնդիրները համալսարանում, ինչ էլ հավանաբար, հանգեցրել է այդ ողբերգությանը:
