Գոռացել է՝ օգնեցեք, ձկնորսը փայտը գցել է, որ նա բռնի, ուշ է եղել. մանրամասներ 27-ամյա բարմենի մահվան մասին
Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել մոտ 10 օր առաջ Երևանյան լճում ջրահեղձ եղած երիտասարդի վերաբերյալ: Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, թե 27-ամյա Արման Մարգարյանն իրեն նետել էր ջուրը, որպեսզի վերջ տա կյանքին: Սակայն կայքի հետ զրույցում Արմանի մտերիմները հայտնեցին, որ նա լուրջ խնդիրներ չի ունեցել և դժվար թե նման քայլի գնար: Մեզ պատմեցին, որ դեպքին ականատես մի ձկնորս պատմել է, որ երիտասարդը ցանկացել է լողալ, բայց ինքը խորհուրդ չի տվել: «Արմենը չի լսել, մտել է լողալու, խեղդվելիս է եղել, գոռացել է` օգնեցեք, ձկնորսը փայտը գցել է, որ բռնի, արդեն ուշ է եղել, խեղդվել է»,- պատմեց Արմանի ընկերներից մեկը: Մեր զրուցակիցը, սակայն, նշեց, որ Արմանը շատ լավ լողում էր և իր համար զարմանալի է, թե ինչու է նա մենակ գնացել այնտեղ: «Շատ հանգիստ բնավորություն ուներ, ընկերասեր էր, բոլորին հասնող»,- ասացին Արմանի մտերիմները: Արմանն աշխատում էր երևանյան ակումբներից մեկում` որպես բարմեն, քաղաքում բավականին հայտնի էր, իր գործի վարպետ: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
