Պետք է ստեղծել հայեցի կրթական ծրագրեր. Հովիկ Աբրահամյան
«Այժմ ընթացող քննական գործընթացները վկայում են, որ կրթական համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, թե հստակ է, որ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը: «Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ, մատչելի, մրցունակ, միեւնույն ժամանակ հայեցի, հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր: Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած դրա հավաստագրումից մինչեւ ընտրությունը պետք է դառնա պարզ, թափանցիկ գործընթաց»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ վերանայման կարիք ունեն նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների գործունեության, դպրոցների ֆինանսավորման հետ առնչվող հարցերը: Վարչապետը կարծում է, որ որոշակի լուծումներ են պահանջում նաեւ ավագ դպրոցների հիմնախնդիրները, քանի որ բավական կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում: «Ուզում եմ նաեւ ընդգծել բուհերի ռեֆորմների անխուսափելիությունը: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման եւ գործունեության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառմանը: Վերանայման եւ կատարելագոծման կարիք ունեն դպրոց-բուհ անցումն ապահովող կառույցների գործառույթները»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը ԿԳՆ-ի ուշադրությունը հրավիրեց բուհական կրթության արդյունավետության բարձրացման վրա եւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հանձնարարեց նախապատրաստել կառավարությունում հանրակրթության հիմնախնդիրներին եւ բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումներին նվիրված խորհրդակցություններ:
