«Որևիցե մեկը իմ պարտքերը ոչ փակել է, ոչ էլ ցանկություն ունի փակելու». Սամվել Բաբայան
Tert.am-ի հարցերին պատասխանում է օրերս կրկին Արցախ վերադարձած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: -Պարո՛ն Բաբայան, այժմ Դուք Արցախում ի՞նչ հանդիպումներ եք ունենում և ի՞նչ ծրագրեր ունեք: - Առանձնապես ոչ մի հանդիպում չեմ ունենում, զուտ անձնական գործերով եմ եկել: Ծանոթ մարդիկ կան, եթե գալիս են, բարևում են, բարևում եմ, եթե չէ, չէ: Ներքաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում: - Ասել է թե՝ դեռ չե՞ք սկսել քաղաքական գործունեությունը: - Ընդհանրապես չեմ էլ ուզում սկսեմ: - Հնարավո՞ր է՝ պատճառը Հայկ Խանումյանի ծեծն էր ու իշխանության վերաբերմունքը Ձեր վերադարձին: - Խանումյանի ծեծով չէին կարողանալու վերաբերմունք փոխեին: Ես էդքանը պարզ գիտեի, տեղյակ եմ՝ ինչ ա կատարվում, ինչ է լինում: Հասարակությունը պետք ա իր ապագան որոշի, պարոն Բաբայանով չի: Հասարակությունը պետք է ինքն իրենով հասկանա՝ ուր է գնում, ճիշտ ճանապարհի վրա՞ է, թե չէ: Թե չէ, եթե հասարակությունը ցանկություն չունի, ինչքան էլ դու քաղաքականությամբ զբաղվես, չես կարա ոչ մի բան փոխես: - Բայց հասարակությունը բավական բազմամարդ բանակով եկել էր Ձեզ դիմավորելու, այսինքն՝ հետաքրքրություն, ցանկություն կար: - Հետարքրքություն կա, բազմամարդ եկել էին, կարող էին մի քանի անգամ ավել գային, բայց քանի որ իշխանությունը փորձել է փակի էդ ճանապարհը, հասարակությունը հասկացել է, որ ինքը խնդիր ունի լուծելու: Իրենք գիտեն՝ ինչով պետք է զբաղվել: Դրա համար կխմբվեն, Դուք էլ կտեսնեք, եթե դա է Ձեզ հետաքրքրում: - Իսկ Դուք հիմա քաղաքական որևէ ուժի հետ համագործակցո՞ւմ եք։ Ասել էիք, որ գաղափարակիցների հետ հնարավոր է համագործակցեք: - Ոչ։ Երբ որ ժամանակը կգա, ես կտեսնեմ, որ իրոք էդ ուժերը անկեղծորեն հասարակության համար են պայքարում, կաջակցեմ իմ հնարավորության չափ: Բայց եթե էսօր ես չեմ տեսնում դա, դեռ խաղ եմ տեսնում, ամեն քաղաքական ուժ իր խաղն ա խաղում, ես որևիցե մեկին ոչ աջակցելու, ոչ սատարելու կարիք չունեմ: Իմաստ էլ չեմ տեսնում: - Հայաստան վերադառնալու սկզբում Դուք կարծես նաև քաղաքական հայտ էիք ներկայացրել: Այսպիսով՝ Ձեր առաքելության քաղաքական մասն ավարտվե՞ց: - Ես ո՞նց կարամ քաղաքական հայտ ներկայացնել, եթե ես առաջին իսկ օրից ասել եմ՝ որևիցե պաշտոնի ակնկալիք չունեմ: Որևիցե քաղաքական ուժի հետ չեմ միանում, որևէ կուսակցության անդամ չեմ դառնում: Որտեղի՞ց վերցրեցիք, որ ես քաղաքական հայտ եմ ներկայացրել: Ես մտահոգված եմ մեր երկրով և փորձում եմ էն, ինչ որ ես եմ հասկանում անել, որ վտանգի տակ չլինենք: Ուրիշ ոչնչով, անկեղծ, չեմ զբաղվում: Կարող ա՝ մարդիկ իրանց համար ենթադրություններ են անում, կինո են պատմում, ուզում են իմ արտահայտությունը քաղաքականացնել, դա իրանց խնդիրն է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
