Եղել է պայմանավորված պատերազմ. Զարուհի Փոստանջյան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ապրիլին եղել է պայմանավորված պատերազմ: «Եղել է պայմանավորված պատերազմ Սերժ Սարգսյանի եւ թշնամու միջեւ, ինչպես նաեւ երրորդ կողմ է եղել: Դա է պատճառը, որ հենց առաջին օրն ունեցել ենք հիմնական զոհերը, քանի որ չենք ունեցել պաշտպանվելու հրաման: Սակայն մեր ժամկետային զինծառայողներն ու կամավորականները խախտել են նրանց պայմանավորվածությունը, որով Սերժ Սարգսյանը պետք է տարածքներ տար հակառակորդին: Մեր 20-ամյա զինվորները խախտեցին տարածքները տալու պայմանավորվածությունը»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Փոստանջյանը: Հարցին, թե թշնամու հե՞տ է եղել պայմանավորվածությունը, Զ. Փոստանջյանը նշեց. «Իհա՛րկե թշնամու հետ, բա էլ ո՞ւմ հետ, իհարկե, այստեղ եղել է նաև երրորդ կողմ: Հենց այնպես չէր, որ Սերժ Սարգսյանը Կազանում հայտարարում էր, որ պետք է հանձնի հայապատկան տարածքները»: Նրա համոզմամբ՝ բոլորովին պատահական չէր, որ պատերազմի ամենաթեժ պահին Մատաղիսի զորամասի հրամանատարը Հայաստանում չի եղել: «Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից օրեր անց հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել Կազանյան փաստաթուղթը: Ես միայն կարող եմ փաստել այն տեսանյութը, որտեղ հայ զինծառայողները տեսնում են մոտեցող հակառակորդին, սակայն հրաման չունենալու պատճառով չեն կարողանում պաշտպանվել: Չէ՞ որ պատերազմի հիմնական զոհերը գրանցվել են հենց առաջին օրը՝ դիրքերի անպաշտպան լինելու պատճառով»,- հայտնեց նա:
