Ադրբեջանում մարզուհիների վրաերթի տեսանյութը տարածողին կարող են դատապարտել
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավարտվում է 2015 թվականի ամռանը Բաքվում անցկացված Եվրոպական առաջին խաղերի ժամանակ ավտոբուսով ավստրիացի մարզուհիներին վրաերթի ենթարկելու գործով դատավարությունը: Հուլիսի 4-ին տեղի ունեցած նիստի ժամանակ դատախազ Էլդար Համզաևը կոչ է արել ավտոբուսի վարորդ Վելի Ահմեդովին դատապարտել 3 տարվա ազատազրկման: Դրա հետ մեկտեղ նա կոչ է արել 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել ոստիկանության աշխատակից Էլչին Հասանովին, ով սոցցանցերում տարածել էր այդ միջադեպի տեսանյութը: Նրան արդեն իսկ հեռացրել են ոստիկանության շարքերից և մեղադրել են Եվրոպական խաղերն ու պետության հեղինակությունը վարկաբեկելու համար: Նա նաև պահանջել է 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել տրանսպորտի նախարարության ավտոտրանսպորտային վարչության պետ Հուսեին Սալամովին: Նրանք բոլորն էլ գտնվում են նախնական կալանքի տակ: Դատարանում ընդգծվել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից ավստրիացի մարզուհի Վանես Շահինովիչի առողջությանը հասցված վնասի համար վճարվելիք փոխհատուցման չափը կազմելու է 1.2 միլիոն եվրո: 2015 թվականի հունիսի 11-ին Bakubus ընկերությանը պատկանող ավտոբուսի վարորդը Օլիմպիական ավանում վրաերթի է ենթարկել սինխրոն լողի ավստրիական թիմի անդամներին, ինչի հետևանքով ծանր վիրավորվել էր երեք մարզուհի:
