Հայաստանն այսօր ունի շատ երջանիկ հարուստներ ու դժբախտ աղքատներ.սահմանադրագետ
«Սահմանադրությունը պետականության ամենաիդեալական կերտման միջոցն է:Սահմանադրությունը մարդկության պատմության մեջ կարելի է դիտարկել որպես բացահայտում, որը փոխել է մարդկության կյանքը: Սահմանադրությունը պետականության ամենաիդեալական կերտման միջոցն է, իսկ գլոբալ մասշտաբով սահմանադրությունը համաշխարհային քաղաքակրթության ամենամեծ միջոցն է համարվում», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը: « Սահմանադրությունը ժողովրդի սեփականությունն է, ոչ թե իշխանության: Հայաստանն այսօր ունի լավ սահմանադրություն, բայց դրա հետ մեկտեղ, մենք ունենք շատ երջանիկ հարուստներ ու դժբախտ աղքատներ:Սահմանադրության երրորդ հոդվածն այդպես էլ չի իրացվի ու մարդը, որպես բարձրագույն արժեք, չի գիտակցվում:Անընդհատ ոտնահարվում է այս հոդվածը», - ասաց սահմանադրագետը: ՀՀ փոփոխված Սահմանադրությունը, ըստ Այվազյանի, նախորդների համեմատ՝ ավելի առաջադիմական է, որակական հատկանիշներով՝ բարձր, սակայն Սահմանադրությունը կյանքի կոչելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է պետական իշխանության համարժեք իրավամտածողության մակարդակ.«Իրավամտածողության մակարդակը պետք է ապահովվի հետևյալ կերպ՝ պետական այրերը պետք է Սահմանադրության և սահմանադրական արժեքների վերաբերյալ ունենան միանշանակ, օբյեկտիվ ընկալում, սակայն Սահմանադրությունը չպետք է դառնա սուբյեկտիվ ընկալման առարկա, յուրաքանչյուր պաշտոնյա Սահմանադրությունը չպետք է փորձի մեկնաբանել այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս»: Այվազյանը, նկատի ունենալով քաղաքական կուսակցությունների ընկալումները, նշեց՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում նոր Սահմանադրությունը դժվար թե հաջողություն ունենա: «Այս ամբողջ քաղաքական անցուդարձը, խորհրդարանական հայտարարություններն ավելի շատ կրկես են հիշեցում: Սա խաթարում է հասարակության իրավամտածողությունը, խեղաթյուրում հասարակության պատկերացումը իրական Սահմանադրության և սահմանադրական արժեքների վերաբերյալ», - հավելեց նա:
