Իմ ղեկավարման ժամանակ բոլոր արժանիները բարձր պաշտոններ են ստանձնել. Սերյան Օհանյան
Թողեք այդ գործով զբաղվի Պաշտպանության նախարարության ղեկավարությունը: Այս մասին երեկ՝ Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ ստորագրված 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին: Նա նշեց, որ պայմանագրերը 80 տոկոսով ստորագրված են: Ինչ վերաբերում է ապրիլյան գործողությունների ընթացքում հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքին, Սերյան Օհանյանն ասաց. «Յուրաքանչյուր հայկական հողակտոր մեզ համար սուրբ է՝ լինի մշակված, թե անմշակ, սակայն այդ հողերը, այդ մի քանի դիրքերը գտնվում են Պաշտպանության բանակի վերահսկողության, ազդեցության, անհրաժեշտության դեպքում արագ նախաձեռնողական գործողություններով լիարժեքորեն հետ վերադարձնելու ունակության շրջանակներում»,-ասաց նա: Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին և կոռուպցիայի դեմ պայքարին, նա ասաց. «Իմ ղեկավարման ժամանակ արժանիները բոլորը բարձր պաշտոններ են ստանձնել, դրա համար է, որ Զինված ուժերը և այստեղ, և նաև Արցախում այսօր տարածաշրջանում փոխգործունակ է, մրցունակ է, ապահովում է իր մարտունակությունը: Այդ ամենը երևաց նաև քառօրյա պատերազմի ժամանակ»:
