Մոսկվան չի ձգտում մենաշնորհ հաստատել ղարաբաղյան կարգավորման գործընթացում․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կտրականապես մերժում է պնդումները, թե Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմամբ, Ռուսաստանը փորձ էր անում մենաշնորհ հաստատել կարգավորման ղարաբաղյան գործընթացի նկատմամբ: «Ես մինչ այդ հանդիպումը, նաև դրանից հետո իմ ճեպազրույցների ժամանակ, ասել եմ՝ մտահոգություններ կային, թե Ռուսաստանն իբր իր մենաշնորհն է հաստատում գործընթացի նկատմամբ, չի ցանկանում տեղեկություններ տրամադրել և այլն: Սակայն, սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում և դրանից հետո բոլորը համոզվեցին՝ միջնորդներն անհրաժեշտ կերպով տեղեկացված են եղել և իրենց գործընթացից դուրս չեն զգացել: Հենց կողմերը ու նաև դիտորդներն են բարձր գնահատել այդ հանդիպման արդյունավետությունը»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Զախարովան, որն ուղեկցում է Երեւանում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Զախարովան ձեռնպահ է մնացել Սարգսյան- Ալիև նոր հանդիպման մասին տեղեկություններ հաղորդելուց՝ նշելով, թե դա հենց կողմերը պետք է անեն: «Որտեղ և երբ պետք է հանդիպեն իրենց առաջնորդները, դա այն տեղեկությունն է, որը պետք է հենց կողմերը տրամադրեն: Մենք կարող ենք ասել, որ այդ ուղղությամբ մեծագույն ջանքեր է գործադրում հենց Ռուսաստանի Դաշնության նախագահը, արտգործնախարարը, ըստ էության՝ ողջ արտաքին գերատեսչությունը: Դա արվում է և՛ երկկողմ, և՛ բազմակողմ խողովակներով ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ ամենն արվում է, քանի որ մենք հասկանում ենք՝ հապաղման յուրաքանչյուր օրն իր մեջ խաղաղ բնակիչների հանդեպ սպառնալիք է կրում»,- ասել է Մարիա Զախարովան:
