Արեւի տակ պառկելու փոխարեն պատգամավորները թող գիրք կարդան.հոգեբույժ
Հոգեբույժ Արմեն Ներսիսյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ ժողովուրդը չպետք է բողոքի, քանի որ ինքն է մեղավոր՝անդրադառնալով ԱԺ պատգամավորների պահվածքին: «Մենք ենք ընտրել այդ մարդկանց։ Եթե մենք ընտրում ենք այդ որակի մարդկանց, ուրեմն մեր մեջ էլ կա այդ որակը։ Եթե արդար չենք ընտրում, մեզ համար մեկ է, թե ում ենք ընտրում, ուրեմն այս որակն ենք տեսնում ԱԺ-ում»,-նշեց նա՝ հավելելով, որ պատգամավորներին պետք է ասել, որ մենք չենք ցանկանում նրանց տեսնել այդ պաշտոնում եւ որ ամաչում ենք նրանց պահվածքի համար։ «Պատգամավորները պետք է գիրք կարդան, որպեսզի մի փոքր կրթվեն։Ես մի անգամ լսեցի, որ Անգլիայի խորհրդարանում պատգամավորները ամառային արձակուրդ են գնում ոչ թե հանգստանալու համար, այլ նրանց ստիպում են գիրք կարդալ։ Ես խորհուրդ կտայի մեր պատգամավորներին արեւի տակ պառկելու փոխարեն գիրք կարդան, կրթվեն, խոսքի մշակույթը բարձրացնեն եւ մտածեն ժողովրդի, երկրի մասին, այլ ոչ սեփական անձի»,-հավելեց նա:
