Ամբողջ օրը պիտի հայտարարե՞նք, թե ինչ ենք անում. Լոքյանը՝ Աբրահամյանին
Անձրևների վարարումների հետևանքով Արթիկ համայնքի բնակիչներին պատճառված վնասը մեղմելու համար Կառավարությունը այսօրվա նիստում որոշում կայացրեց Շիրակի մարզպետարանին հատկացրեց 41 միլիոն 746 հազար դրամ: 22 միլիոն 350 հազար դրամը կհատկացվի շենք-շինությունների վերականգնման համար, հեղեղատարների մաքրման նպատակով կծախսվի 16 միլիոն 965 հազար դրամ, իսկ ահա 2 միլիոն 430 հազար դրամը կտրամադրվի հեղեղումների հետևանքով սատկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու նպատակով: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ այսօր արդեն Արթիկ քաղաքում բնականոն գործունեությունը հիմնականում վերականգնվել է.«Բացված հեղեղատարը վերականգնվել է: Ջրամատակարարումը քաղաքում վերականգնված է, բացի մի փոքր հատվածի, բայց այդ հատվածում քաղաքապետարանը հատուկ ռետինե խողովակներով ջուր է մատուցում: 8-10 ընտանիք չունեն էլեկտրականություն: Պրոցեսը այսօր շարունակվում է: Նախարարության ներկայացուցիչները տեղում են: Իմ փոխնախարարը լինելու է այնտեղ` մինչև աշխատանքները ավարտվեն»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհեց, որ հսկայական աշխատանք է կատարվում, սակայն այն չի ներկայացվում, ինչն էլ շահարկումների առիթ է հանդիսացել: «Պարոն վարչապետ, դեպքի առաջին օրը ես եմ այնտեղ եղել, հաջորդ օրը` Դուք: Աշխատանքներն ամեն օր կատարվել են, հիմա ամբողջ օրը մենք պիտի հայտարարենք` ի՞նչ ենք անում»,- արձագանքեց Լոքյանը: Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց ներկայացնել, թե ինչ աշխատանք է կատարվել, ինչը կապահովվի գործընթացի թափանցիկություն:
