Սկզբունքորեն ճիշտ ճանապարհին ենք. Շտայնմայեր
Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն խնդրին տևական լուծում տալու համար: «Ինչպես այս առճակատման կողմերին, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահներին, պարզ է դարձել, որ տևականորեն ստատուս քվոն այսպես հնարավոր չէ պահպանել: Որքան ավելի շատ է տևում այս հակամարտությունը, այնքան մեծանում է ռազմական էսկալյացիայի ռիսկը: Այդ պատճառով մենք պետք է ջանանք խուսափել այս իրավիճակից: ԵԱՀԿ-ն, ես, որպես գործող համանախագահ, պետք է հաստատակամորեն ջանքեր գործադրենք, որ այս հակամարտության համար տևական լուծում գտնենք»,-ասաց Շտայնմայերը: Նա կարևորեց հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները հաճախակիացել են: «Պետք է ասել, որ մենք սկզբունքորեն ճիշտ ճանապարհին ենք: Մենք հիմա ամեն բան պետք է գործադրենք, որ այս իրավիճակը պահպանենք, ապա պետք է փորձենք բանակցային գործընթացը նյութական դարձնել»,-ավելացրեց Գերմանիայի ԱԳ նախարարը:
