Այսօր Ադրբեջանը փորձում է պարանը քաշել իր կողմ. Նալբանդյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չի քննարկվել ու չի քննարկվի Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարության հարցը, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը: Գերմանիայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով հարցադրմանը, որ Ալիևը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Բաքվում հայտարարել է, որ կողմ կլինի Արցախի ինքնավարությանը, ինչպես Նախիջևանի դեպքում է, ու իբրև թե հանդիպմանը խոսել են այդ մասին: «Ադրբեջանի հետ ամեն հանդիպումից հետո եռանախագահները հարց են տալիս` արդյո՞ք այս անգամ հնարավոր կլինի հարգել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել բանակցությունների ժամանակ: Ես միշտ ասում եմ` սպասենք մինչև Ալիևը վերադառնա Բաքու, տեսնենք ինչ շինծու վարկածներ կներկայացնի, դրանից էլ հետևություններ կանենք: Այսօր Ադրբեջանը փաստորեն անում է այն, ինչ եռանախագահող երկրներից մեկը ընդգծեց` փորձում է պարանը քաշել իր կողմ, կամ ինչոր ձևով հանրային կարծիք ձևավորել, որ այդ պայմանավորվածությունները իրենց ի նպաստ են»,- ասաց Նալբանդյանը: Խոսելով ադրբեջանական կողմից հաճախ շահարկվող Նախիջևանի մասին, նա շեշտեց. «Ժամանակին հայաշատ Նախիջևանը, որն այսօր ամբողջովին հայաթափված է, Ադրբեջանի ղեկավարի կողմից օրինակ է բերվում՝ որպես հեռանկար Լեռնային Ղարաբաղի համար։ Եվ սա վառ ապացույցներից է, թե ինչու սա չէր կարող լինել բանակցությունների առարկա և չի էլ լինի։ Բանակցությունների ժամանակ մենք երբևէ չենք քննարկել և չենք քննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը՝ որպես ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը»։ Նախարարը հիշեցրեց եռանախագահող երկրների՝ բազմիցս արած հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը՝ ազատ կամարտահայտման միջոցով։ Եվ դա պետք է ունենա միջազգային իրավական ուժ։
