Շտայնմայեր. Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոյի պահպանումն անհնար է
Գերմանիան աջակցում է սահմանային հետաքննական մեխանիզմների ներդրմանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ ներկայիս ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսին: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ նշեց, որ Ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի երկարատև պահպանումն անհնար է: «Այս իրավիճակի շարունակական լինելու դեպքում ավելանում է հակամարտության սրման հավանականությունը: Մենք պետք է ձգտենք խուսափել դրանից, և ԵԱՀԿ-ն աշխատում է այդ ուղղությամբ՝ փորձելով հակամարտության երկարատև լուծում գտնել»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը: Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները թույլ տվեցին «հանդարտեցնել իրավիճակը շփման գծում»:
