Դուք երբեք չեք արտաբերել ցեղասպանություն բառը, ինչո՞ւ. լրագրողը՝ Շտայնմայերին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ բրիֆինգի ժամանակ նշեց, որ Բունդեսթագի՝ Ցեղասպանության ժխտման դեմ ուղղված բանաձևի ընդունման քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում, այլ նաև ընդդեմ ցեղասպանությունների մարդկության պայքարին։ Բացի այդ, Գերմանիան ընդունում է Հայոց ցեղասպանության մեջ պատասխանատվության իր մասը: «Հայաստանը բարձր է գնահատում գերմանական նախագահության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասաց նա։ Հարց ու պատասխանի ժամանակ գերմանացի լրագրողը Հայաստանի արտգործնախարարից հետաքրքրվեց. «Դուք գովեցիք Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը. Հայաստանի քաղաքականության համար դրանից ի՞նչ է բխում, մասնավորապես՝ Թուրքիայի առնչությամբ»։ «Մեր քաղաքականությունն ուղղված է նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։ Բունդեսթագի ընդունած որոշումը կարևոր էր ոչ միայն ճանաչման իմաստով, այլև մեծ նպաստ էր միջազգային հանրության ջանքերին։ Շատ կարևոր էր իմաստուն դրսևորումը, որ արվեց ի շարունակություն նախագահ Գաուկի հայտարարության, որ Գերմանիան ճանաչում է պատասխանատվության իր մասը»,-պատասխանեց Էդվարդ Նալբանդյանը։ Իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերից լրագրողը հարցրեց. «Դուք աջակցություն եք հայտնել այս բանաձևին, բայց երբեք չեք արտաբերել ցեղասպանություն բառը, ինչո՞ւ»։ «Այս բանաձևին ես աջակցություն եմ ցուցաբերել, այդ իսկ պատճառով ցեղասպանություն բառը չեմ օգտագործել։ Այդպիսի խնդիրները չեն արվում ընդամենը այդ մեկ բառի գործածությամբ։ Տվյալ իրադարձությունից 101 տարի անց բանաձև է ընդունվում և սրանով անդրադարձ է լինում պատմական սեփական փորձին։ Մենք այն կարծիքին ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հնարավորինս պետք է բարելավել։ Եվ պետք է ուսումնասիրել նաև Գերմանական կայսրության կողմից այն ժամանակ դրան մասնակցությունը»,-ասաց Պարոն Շտայնմայերը, դարձյալ խուսափելով ցեղասպանություն բառից։
