ՌԴ-ից 200 մլն դոլարի զենքի ձեռքբերման շուրջ խառնաշփոթ ու իրարանցում ստեղծելը տեղին չէ. Կորյուն Նահապետյան
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ԱԺ-ում լրագրողներին հորդորեց Ռուսաստանից 200 մլն դոլար արժողությամբ վարկով պաշտպանական նշանակության զենքի ձեռքբերման գործընթացի շուրջ իրարանցում չառաջացնել: Ըստ նրա՝ հարցի քննարկումը բանակցային փուլում է: «Բանակցությունների ընթացք գոյություն ունի այս համաձայնագրի կատարման շրջանակներում, որը դեռ չի ավարտվել։ Լիազոր մարմինները, որոնք հանդես են գալիս կողմերի անունից, իրականացնում են այն գործողությունները և կատարում են այն պարտավորությունները, որոնք համապատասխանում են համաձայնագրին։ Խառնաշփոթ ստեղծելը, իրարանցում առաջացնելը և տարբեր փաստարկներ բերելը, կարծում եմ, տեղին չեն»,- ասաց Կորյուն Նահապետյանը։ Ըստ նրա՝ կան հարցեր, որոնք բանակցությունների առարկա են հանդիսանում: «Եթե մենք դեռ չունենք վերջնական արդյունքներ, չենք կարող դրանց մասին խոսել։ Պետք չէ աժիոտաժ առաջացնել և արտաքին տպավորություն ստեղծել, թե իրականում աշխատանքներ չեն տարվում»,- ասաց նա։
