Դուք ո՞վ եք ,որ ուղղաթիռ թռցնեք. Զարուհի Փոստանջյան
«Ապրիլյան պատերազմից հետո ՀՕՊ համաձայնագրի ՀՀ Ազգային ժողով բերելը նշանակում է, որ «մենք ինքնուրույն քաղաքականություն չենք վարում»:Եթե ինքնուրույն քաղաքականություն վարեինք, մինչ ԱԺ գալը կունենայինք 200 միլիոն դոլարի այն սպառազինությունները, որը պարտավորվել էր մեզ տրամադրել ՌԴ-ն: Միակ երկիրը, որ այսօր արտադրում է հարձակողական զենք, որը կարող է օգտագործվել մարդկության դեմ, Ռուսաստանն է, որը վաճառում է դրանք Ադրբեջանին, որն էլ արդեն մեր դեմ օգտագործել է: Իսկ փաստի մասին միայն բարձրաձայնելը և արձանագրելը անկախ պետականության համար բավարար չէ: Ի՞նչ գործընթաց եք սկսել միջազգային ատյաններում՝ պատասխանատվության կանչելու թե ՌԴ-ին, թե Ադրբեջանին: Իհարկե՝ ոչինչ»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը : «Պետք է հայտարարվեր, որ մենք նման համաձայնագիր չենք ստորագրելու մինչև այս հարցերին լուծում չտրվի: Այդ ժամանակ հասկանալի կլիներ, որ մենք անկախ քաղաքականություն ենք վարում… Հիմա նորից հրավիրել են ՌԴ, մեր անունից հայտարարվել է այսպիսի համաձայնագրի ստորագրման մասին, և մենք, ըստ էության, դարձել ենք Ռուսաստանի արբանյակը: ՌԴ-ն այստեղ ունի իր շահերը: Չեն փոխվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև 1921 թվականի պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են մեր տարածքներին»,հայտարարեց նա և հավելեց.«Պուտինը եկավ Հայաստան, գնաց ՌԴ ռազմաբազա, այնտեղից հայտարարվեց, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունները վերականգնել Ղարաբաղի նկատմամբ, ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պայմանագրի պարտավորությունների համաձայն: Ադրբեջանը կիրառեց ագեսիա, ի՞նչ արեց ՀԱՊԿ-ն, որևէ արձագանք կա՞ այս ուղղությամբ, ի՞նչ է արել ՀԱՊԿ-ն։ Հիմա որ ամպագոռգոռ գոռում եք, որ այդ ուղղաթիռները կթռչեն, չգիտեմ՝ ինչեր կանեն, ո՞վ է ձեզ թույլ տալու, որ ուղղաթիռ թռցնեք, դուք ո՞վ եք, դուք ընդամենը արբանյակ եք»:
