Պետք չէ «բոլշևիկներ» և Ռուսաստան եզրույթները նույնացնել.Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրի քննարկման ժամանակ հայտարարեց. «ՀՕՊ համաձայնագրի վավերացումը մենք անում ենք՝ ելնելով բացառապես ՀՀ-ի շահերից: Այս պայմանագրի վավերացումն անհրաժեշտ է մեզ: Կա բացահայտ ճշմարտություն, մեզ նման երկրները պետք է դաշնակցեն այն պետությունների հետ, ում բանակները գտնվում են մեր տարածաշրջանում: Մեր տարածաշրջանում գտնվում են երկու բանակներ՝ թուրքական և ռուսական: Մենք պետք է դաշնակցենք Ռուսաստանի հետ»: «Պետք չէ «բոլշևիկներ» և Ռուսաստան եզրույթները նույնացնել:Այնքան վնաս, որ բոլշևիկները հասցրել են ՌԴ-ին, որևէ այլ պետության չեն հասցրել: Այն ժամանակ, երբ կնքում էին այդ պայմանագիրը, կային այլընտրանքային կառավարություններ: Խնդրում եմ 1918-21 թվականների բոլշևիկյան կառավարությունը չնույնացնել ռուսական կառավարության հետ»,-անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի հիշեցմանը հայտարարեց Է. Շարմազանով: Նա հայտարարեց, որ ինչքան էլ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը համընկնեն, Կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ առումով նրանք ոչ միայն մրցակիցներ են, այլ նաև հակառակորդներ են: «Ի՞նչ է տվել մեզ ՀԱՊԿ-ը. ՀԱՊԿ-ը մեզ շատ բան է տվել, նաև այսօր այն սպառազինությունը, որ մենք ստանում ենք, ստանում ենք այդ պայմանագրի շրջանակներում: ՀՀ-ի ռազմավարական դաշնակցությունը ՌԴ-ի հետ երկարաժամկետ պետք է լինի, պետք է խորացնենք, և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցումը չպետք է ունենա այլընտրանք, որովհետև այլընտրանքը Թուրքիան է»:
