Գեներալական մտքերով չեք փայլում, մաքսիմում՝ եֆրեյտորական
«ՌԴ-ի՝ ստրատեգիական դաշնակցի մասով համաձայն եմ, սակայն թուրքերն էլ մեր ստրատեգիական թշնամիներն են: Իսկ ռուսների արածներն էլ հակասական են եղել մեզ համար: Ջահելները պետք է իմանան, որ չորս անգամ Կարսը գրավվել ու հետ է տրվել: Այդ մասին խոսում է միայն, հազար ներողություն եմ խնդրում, մի խմբակցություն, որը էլ գոյություն չունի: Ուզում եմ ասել, որ ես այստեղ չեմ եկել որպես հակառուսական մարդ ու ոչ էլ պատրաստվում եմ քծնել»,-ԱԺ-ում «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագրի քննարկմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը : «Պարոն Բագրատյան, եթե այստեղ քծնողներ կան, անուններ տվեք: Ընդմիջմանը դրա մասին կխոսենք»,- բարկացած արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես չասացի, որ քծնողներ կան, ես շատ հանգիստ ելույթ եմ ունենում: Ընդամենն ասացի, որ ես չեմ եկել այստեղ քծնելու համար»,- պարզաբանեց Հրանտ Բագրատյանն ու շարունակեց. «ՌԴ հետ մեր հարաբերություններին ես դեմ չեմ, սակայն դրանք պետք է լինեն արժանապատիվ: Ռուսների հետ մեր հարաբերությունները միշտ հակասական են եղել՝ նրանք եւ փրկել են մեզ, եւ քաշել: Ինչ վերաբերում է ՀՕՊ համաձայնագրին, ապա իմ կարծիքով՝ յոթանասուն տոկոսով այն համագործակցության մասին է ու մեծացնում է մեր հնարավորությունը: Սակայն գործարկման ժամանակ կարող է այն շուռ գալ մեր դեմ. միգուցե ժամանակի ընթացքում ՌԴ հետ հարաբերությունները փոխվեն: Կարող է գա մի պահ, որ ՌԴ-ն ասի ՀՀ-ին՝ ես կայսերական հարաբերություններ եմ արել ու ուզում եմ անել իմ հարեւանների հետ»: «Ասում են՝ միասնականը ավելի վատ բան է, քան միավորումը: Նման տարբերություններ չկան, ես նայել եմ բառարանները: Նույնն էլ վերաբերում էր կառավարում ու ղեկավարում բառերին»,-հայտարարեց Բագրատյանը :
