Չի կարող լինել այնպես, որ Հայաստանը եւ Ադրբեջանը լինեն ՌԴ-ի ռազմավարական գործընկերները. Է. Մարուքյան
Խորհրդարանում շարունակվում է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկումը: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նկատեց, որ համաձայնագրի քննարկումն այլ կերպ կընթանար, եթե ՌԴ-ն դադարեցներ զենքի վաճառքը Ադրբեջանին. «Հայկական խորհրդարանում կլիներ որոշակի վստահության մթնոլորտ, ցույց անող մարդիկ չէին լինի, մամուլում քննարկումներ չէին լինի, կորսված վստահությունը կվերականգնվեր»,-նկատեց Մարուքյանը: Մարուքյանը հիշեցրեց, որ միայն ինքն է ՌԴ-ի եւ Իսրայելի քաղաքական իշխանություններին նամակ ուղղել, թե ինչու է պետք դադարեցնել Ադրբեջանին զենքի մատարակարարումը: «ՌԴ-ից ստացել եմ նամակ, որ իմ նամակը ստացել են, սակայն հունիս ամիսն է, դեռ չեն պատասխանել»,-ասաց նա՝ բնական համարելով, որ վստահություն չկա: Պատգամավորի համզմամբ չի կարող լինել այնպես, որ Հայաստանը եւ Ադրբեջանը լինեն Ռուսսաստանի ռազմավարական գործընկերները, քանի որ վերջիններս հակառակորդ երկրներ են:
