Ովքե՞ր են նորանշանակ երկու փոխնախարարները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր 10 փոխնախարարներ է նշանակել, որոնցից երկուսը նոր են:
Խոսքը, մասնավորապես, Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանի մասին է:
Ստորև ներկայացնում ենք նրանց կենսագրությունները:
Արայիկ Խզմալյանի կենսագրությունը
Ծնվել է 1980թ. հունվարի 21-ին, Վանաձորում։
1997-2001թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
2001-04թթ եղել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ և ստացել արվեստագիտության թեկնածուի կոչում:
2002-2009թթ եղել է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող,
2003-2004թթ` Երևանի պետական համալսարանի արվեստաբանության ամբիոնի դասախոս («Թատրոնի ընհանուր պատմություն» առարկա):
2004թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես գիտաշխատող‚ 2007թ. հիմնել է առաջին թատերական թերթը` «Սկենեն»: Նույն թվականին Ռուբեն Բաբայանի և նրա նախաձեռնությամբ հիմնվել է «Թատրոն-X» հանրապետական փառատոնը‚ որով էլ վերականգնվել են ներկայացումների հրապարակային քննարկումները:
2009թ-ից նախագահում է «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ն: Այս տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ներպետական և միջազգային նախագծեր` «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի 1-ին միջազգային փառատոն‚ «Երիտասարդ բեմադրիչների աջակցման ծրագիր»‚ հանրապետական դրամատուրգիական ընթերցումներ‚ սեմինարներ‚ գրքերի հրատարակում և այլն:
2012թ. դարձել է թատերական առաջին առցանց-մրցանակաբաշխության դափնեկիր` «Լավագույն օնլայն-թատերագետ» անվանակարգում: ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի խորհրդի անդամ է:
Զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում և համաժողովներում‚ գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է‚ խմբագրել է թատրոնին առնչվող գրքեր: 2013թ. ընտրվել ՀՀ պետական մրցանակների հանձնախմբի անդամ (թատրոնի ոլորտ): 2013թ. «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ի և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի կայացման և զարգացման գործում ունեցած ներդրման համար ստացել է պատվոգիր:
2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2014թ. ղեկավարել է ԵԹԿՊԻ-ի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը և նշանակվել է Երևանի Մատենադարանի տնօրենի խորհրդական:
2016-ից ՀՀ ԲՈՀ-ի 016 Արվեստագիտության մասնագիտական խորհրդի անդամ է:
2017 թվականի հուլիսին նշանակվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն
Իրինա Ղափլանյանի կենսագրությունը
Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանում: Անկուսակցական է:
Կրթություն
• 1998-1999 թվականներին ուսանել է Միացյալ Նահանգներում FSA FLEX ծրագրով` ավագ դպրոցի ավարտական դասարանում:
• 1999-2001 թվականներին սովորել է Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, սակայն երկու տարի իրավագիտություն ուսանելուց հետո որոշել է փոխել ոլորտը, ընդունվելով Մալթայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
2001-2004 թվականներին ավարտել է Մալթաի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և ստացել բակալավրի կոչում (թեզի պաշտպանություն` Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության երկակիությունը):
• 2005-2006 թվականներին սովորել է Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայում, Ուեսթմինսթրի համալսարանում, ստանալով դիվանագիտության մագիստրոսի կոչում (թեզի պաշտպանության թեման` Կանայք դիվանագիտության մեջ):
• 2009-2014 թվականներին սովորել է Քեմբրիջ համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, ստանալով գիտության թեկնածուի (PhD) գիտական աստիճան (թեզի պաշտպանության թեման` Հետխորհրդային Հայաստան` նոր քաղաքական վերնախավ և նոր քաղաքական տրամախոսություն):
Աշխատանքային գործունեություն
• 1999-2001 թվականներին աշխատել է Հանուն ընտանիքի և առողջության հասարակական կազմակերպությունում որպես վարչական օգնական:
• 2006-2007 թվականներին աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրում որպես ազգային կայուն զարգացման ծրագրի համակարգող:
• 2008-2009 թվականներին Ջորջթաուն համալսարանի կենսաանվտանգության բաժնի վերլուծաբան, փորձագետ:
• 2010-2013 թվականներին հասարակական հիմունքներով աշխատել է Caucasus Edition, Journal of Conflict Transformation պարբերականի համախմբագիր:
• 2012-2017 թվականներին համահիմնադրել է Գրին Բին էկո սրճարանների ցանցը:
• 2014-2017 թվականներին աշխատել է որպես Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ:
• 2015-2017 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Extension բաժնում, մշակելով և դասավանդելով կանանց առաջնորդության և իրավահավասարության դասընթացներ:
• 2016 թվականին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի General Education ամբիոնում, դասավանդել է քաղաքագիտություն:
• 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ:
Իրինա Ղափլանյանը նախկին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա (ամուսինը՝ Դեյվիդ Բեքքեթը, ամերիկացի է)
