Շաղիկ համայնքին՝ որպես խոտհարք տարածք տրամադրեցին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրեց «Հող հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը,որը կառավարությունը հաստատեց: Նշվում է, որ ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը ներկայումս չեն բավարարում համայնքում անասնապահության կարիքները հոգալու համար: Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է համայնքի անմիջական հարակից՝ ազգային պարկին պատկանող 140 հա տարածքը, որը նախկինում բնակիչների կողմից օգտագործվել է անասնապահության նպատակով, հատկացնել Շաղիկ համայնքին՝ որպես խոտհարք օգտագործելու համար: Արամայիս Գրիգորյանը մեկ օր ժամանակ խնդրեց մշակույթի նախարարության հետ ճշտելու համար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե արդյո՞ք համայնքը ինչ-որ պարտավորություն վերցնում է, որ անասնագլուխ պետք է ավելացնի։ Նախարարն ասաց, որ համայնքի միակ ապրելու, գոյատևելու միջոցն անասնապահությունն է: «Ես էլ եմ մտածում իրենց լավ ապրելու մասին, դրա համար եմ ասում՝ անասնագլուխներն ավելացնեն»,-ասաց վարչապետը: Ա.Ավագյան
