Ահաբեկչության սպառնալիքը`Վաշինգտոնի գագաթնաժողովի գլխավոր թեմա
Վաշինգտոնում մարտի 31-ին բացվում է միջուկային անվտանգության թվով չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում են 52 երկրների պատվիրակություններ: Այս անգամ գլխավոր թեման կդառնա միջուկային անվտանգության սպառնալիքին հակազդելը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ «Անցած մի քանի գագաթնաժողովների ընթացքում մենք մեր ուշադրությունը բևեռել ենք միջուկային անվտանգության հիմնախնդրին, այն բանի վրա, թե մենք ինչպես ենք ապահովում միջուկային նյութերի պահպանությունը, դրանք պաշտպանում ահաբեկչական կազմակերպությունների ձեռքն ընկնելուց»,- ասել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հատուկ ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր այդ համաժողովին: «Մենք գիտենք, որ ահաբեկիչները կցանկանային ձեռք բերել նման նյութեր, ունենալ միջուկային սարք: Նման ցանկություն ուներ «Ալ Քաիդան» և, իհարկե, դա վերաբերում է ԴԱԻՇ-ին»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այս գագաթնաժողովի ծրագիրը «ներառելու է հատուկ նստաշրջան, որի ընթացքում ղեկավարներն ուշադրությունը կկենտրոնացնեն այնպիսի խմբավորումների կողմից սպառնալիքի վրա, ինչպիսին ԴԱԻՇ-ն է»: Համաժողովը տեղի է ունենալու մարտի 31-ից մինչև ապրիլի 1-ը: Դրա առաջին օրը ավելի շատ հանդիսավոր բնույթ կկրի՝ մասնակիցները կժամանեն Վաշինգտոն: Երեկոյան Սպիտակ տանը պատվիրակությունների ղեկավարների համար կտրվի ճաշկերույթ, որը կազմակերպում է Օբաման: Երկրորդ օրը կկայանան երեք լիագումար նիստեր: Ծրագրվում է ստորագրել մի քանի համատեղ հայտարարություն, ինչպես նաև ստեղծել գագաթնաժողովի որոշումների իրականացման հսկողության փորձագետների աշխատանքային խումբ։
