Կարող է Ռուսաստանը զայրանա ու փոշմանի Հայաստանի իշխանությանը պահել. Բագրատյան
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի գնի նվազեցման հարցին: Հրանտ Բագրատյանը նշեց, որ Հայաստանում 165 դոլար չէ գազի գինը, այլ` 335 դոլար: «Հիմա ինձ հետաքրքրում է, որ սպառողի համար 335 դոլարից իջնի գազի գինը: Աշխարհով մեկ գազի գներն իջնում են, գազամուղը գազամուղի հետևից են կառուցում: Այսօր գազի շուկան դարձել է մատակարարի շուկա, ոչ թե` սպառողի: Գազի համաշխարհային գինն այսօր 80 դոլար է, ուրեմն Հայաստանի համար մի քիչ չպե՞տք է իջնի: Մենք պետք է ազատորեն որոշենք, որ գազային տրանզիտը մեր տարածքով թողնում ենք, չէ՞ որ Հայաստանը գազային ու նավթային խաչմերուկում է գտնվում, հո չե՞նք գնալու` մեռնենք: Իսկ մենք անընդհատ վախենում ենք, որ կարող է զայրացնենք մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին: Կարող է Ռուսաստանը զայրանա ու փոշմանի Հայաստանի իշխանությունը պահելու առումով, բայց Ռուսաստանը չի կարող զայրանալ ժողովրդի շահի վրա: Մենք անընդհատ կուլ չպետք է գնանք Ռուսաստանի շահերին: Ուրեմն մենք պետք է ճիշտ բացատրենք մեր շահերը Ռուսաստանին: Եթե 2013-ին ինձ ընտրեիք Հայաստանի նախագահ, ես նոր գազամուղով Հայաստանով գազ կանցկացնեի Իրանից դեպի Եվրոպա»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով՝ աշխարհում գազ ունեցող երեք խոշոր երկրներն են Իրանը, Ռուսաստանն ու Քաթարը:
