Սասուն Միքայելյանի շտաբի անդամն այսօր գրություն է հանձնել Հրազդանի քաղաքապետարանում
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի անդամ Վիլեն Գաբրիելյանն այսօր գրություն է հանձնել Հրազդանի քաղաքապետարանում: Հրազդանի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանին ուղղված գրության մեջ մասնավորապես նշված է. «Հարգելի պարոն Դանիելյան, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ «Հրազդանի քաղաքապետարանի կարիքների համար 2018 թվականին կատարվող գնումների պլանի» վերաբերյալ: Մասնավորապես 1. Բաժին 05, խումբ 1, դաս 1 ծրագրի 51-ում նշված աղբահանում կետի վերաբերյալ: Ո՞ր կազմակերպությունն է իրականացրել վերոնշյալ գործունեությունը, ո՞ր տարածքների համար (համայնքների անունները եւ տարածությունը) եւ ինչ աշխատանքների համար է տրամադրվել հաշվետվության մեջ նշված 102.066.200 դրամ գումարը: 2. Բաժին 04, խումբ 05, դաս 1 ծրագրի 51-ում նշված «Կապիտալ նորոգում» կետի վերաբերյալ: Ի՞նչ գույք է նորոգվել (հասցեները) եւ որ կազմակերպությունը (կամ կազմակերպություններն) են զբաղվել տվյալ գործունեությամբ: 3. Բաժին 06, խումբ 04, դաս 1, ծրագիր 51-ում նշված «Շատրվանային պուրակի կառուցապատման աշխատանքներ» կետի վերաբերյալ, մասնավորապես, ինչ շինարարական աշխատանքներ են իրականացվել կառուցապատման համար եւ որ կազմակերպությունն է դրանով զբաղվել: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ) ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում: Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ, գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը: Կանխավ շնորհակալ եմ Վիլեն Կարենի Գաբրիելյան»:
