Էթիկայի հանձնաժողովն այսօր կքննի
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքը քննելու հայցի շրջանակներում Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր լսել է դիմումատու լրագրողներին և դիտել տեսանյութը, պարզելու՝ արդյոք հայհոյանք եղել է, թե՝ ոչ: Փակ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նախապես հայտարարեց՝ որ որևէ հայտարարություն չի անի՝ միայն նշելով, որ հայհոյելու տեսանյութը նայել են: «Այս պահին պայմանավորվեցինք, որ հարցի հիմնական զեկուցող Թևան Պողոսյանը, ինչպես նաև հանձնաժողովի մնացած անդամները կշփվեն նաև այն լրագրողների հետ, որոնք միջադեպին ներկա են եղել և նրանցից կփորձեն հավելյալ տեղեկություններ իմանալ և նոր միայն կպատրաստեն իրենց վերաբերմունքը հարցի վերաբերյալ»,- ասաց նա և տեղեկացրեց նաև, որ Մհեր Սեդրակյանին կլսեն ապրիլի 4-ին: Հարցին, թե չհոգնեցին ՀՀԿ-ականների հարցը քննարկելուց, պատասխանեց. «Ոչ, ես իմ գործն եմ կատարում և միայն ՀՀԿ-ականների վարքը չեմ քննում, նաև այլ պատգամավորների գործը»:
