Իշխանությունը որևէ կերպ չի գնում զիջման. Ա. Սիմոնյան
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումների ընթացքում տարբեր առաջարկներ են հնչում ընդդիմության և քաղաքացիական հասարակության կողմից, իսկ իշխանությունները փորձում են խուսափել կարևորագույն մի քանի կետեր ընդունել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ կարևոր է հատկապես ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը։ Ըստ նրա՝ այդ դրույթը մերժելու դեպքում հնարավոր չի լինի վստահելի ընտրական գործընթացների մասին խոսել. «Տարիներ շարունակ ընդդիմությունն անում է այս առաջարկը, սակայն իշխանությունը որևէ կերպ չի գնում զիջման՝ հիմնավորելով, թե այդ կերպ ընտրության մասնակցի նկատմամբ հնարավոր կլինի ճնշումներ գործադրել։ Հիմա էլ հնարավոր կլինի ճնշել՝ արդյոք անձը մասնակցել է ընտրության թե ոչ, օրինակ՝ վստահված անձանց միջոցով»։ Պարոն Սիմոնյանը վստահ է՝ անընդունելի դրույթ է դիտորդին ընտրատեղամասից դուրս հանելու հնարավորությունը. «Ես ուզում եմ հասկանալ՝ մինչ օրս մենք քանի նախադեպ ենք ունեցել, որ վստահված անձը խանգարել է։ Ես նախադեպերի մասին չեմ լսել»,- հավելում է նա։
