Նոր մանրամասներ Էրոս Ռամազոտտիի երեւանյան համերգի չեղարկման մասին
Երեկ հայտնի դարձավ, որ ճանաչված երգիչ էրոս Ռամազոտտին չեղյալ է հայտարարել իր համաշխարհային Perfetto համերգային շրջագայությունը Ռուսաստանում, Հայաստանում և Էստոնիայում։ Հայաստանում համերգը պետք է կայանար ապրիլի վերջին։ Չնայած լուրերին՝ երգչի պաշտոնական կայքում համերգների չեղարկման մասին դեռեւս ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա։ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Showticket ընկերության (որը հանդիսանում է «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության հայաստանյան մասնաճյուղը) ներկայացուցիչը հայտնել է, որ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ի տնօրեն Զառա Մխեյանն այս պահին Մոսկվայում է, որտեղ բանակցություններ է վարում ռուսաստանյան «Глобальные коммуникации» (էրոս Ռամազատտիի համերգների կազմակերպիչը ԱՊՀ տարածքում) եւ Trident Musics պրոդյուսերական ընկերությունների հետ։ Համաձայն տեղեկության՝ ռուսական կողմը խախտել է որոշ պայմանավորվածություններ, այժմ կազմակերպիչները փորձում են ընդհանուր հայտարարի գալ։ Համերգի վերաբերյալ բոլոր մանրամասներն ու պաշտոնական հայտարարությունը կլինի այսօր։
