Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

մբոխի և իշխանության (հեղափոխական ու ոչ հեղափոխական ճանապարհով եկած) հոգեբանության, վարքաբանության ու հատկանիշների վերաբերյալ հսկայական մասնագիտական գրականություն կա: Գիտության այդ ճյուղի դասականներն են համարվում Սոկրատը, Պլատոնը, Արիստոտելը, Մաքիավելլին, Վեբերը, Լը Բոնը, Տարդը, Ադլերը, Ֆրոմը, Մոսկովիչին, Ֆրեյդը, Յունգը, Սփենսերը, Կանետտին, Իլյինը և այլք: Ինչ վերաբերում է գեղարվեստական գրականությանը, ապա ոչ ոք, թերևս, այնպես խորը և գունեղ չի ներկայացրել հեղափոխությունը, հեղափոխականներին ու անցումային (սահմանային) վիճակում հայտնված մարդկանց հոգեբանությունը, ինչպես համաշխարհային մեծություն Դոստոևսկին: Նրա «Դևերը» Бесы») վեպում (ստեղծագործությունը գրվել է բոլշևիկյան հեղափոխությունից մոտ կես դար առաջ) բարձրացված են այնպիսի համամարդկային հարցեր ու տրված են այնպիսի պատասխաններ, որոնք մինչև հիմա էլ արդիական են ու այդպիսին կմնան այնքան, որքան որ գոյություն կունենա մարդկությունը: Դե իսկ Ջորջ Օրուելն ու Օլդուս Հաքսլին իրենց հակաուտոպիստական ստեղծագործություններում լավագույնս ներկայացրել են մարդու և հեղափոխության հարաբերությունները, հեղափոխական մետամորֆոզները և տրանսֆորմացիաները ամբոխ-իշխանություն հարթության մեջ: Համաշխարհային մակարդակի են նաև մեր Երվանդ Օտյանի գրածները, պարզապես մենք դրանք «ռասկրուտկա» չենք արել, բայց սա այլ խոսակցության թեմա է: Ամբոխները լինում են հերոսական, սիրահարված, դավաճան, խելագարված ու ատող Ամբոխի գլխավոր հատկանիշներից մեկը մեծանալու և տարածվելու ձգտումն է: Ընդլայնվելու համար ամբոխին անընդհատ նոր տեսարաններ և գործողություններ են պետք: Դա անընդհատ ու մեծ քանակությամբ վառելիք խժռող ավտոմեքենա է հիշեցնում: Հենց վառելիքը չտաս, անմիջապես կանգ կառնի: Հենց որ ամբոխը «դոզայի» պակաս է ունենում, անմիջապես ցրվում է: Դա հատուկ է, այսպես կոչված, բաց տիպի ամբոխներին: Հրապարակում մեզ մոտ հենց բաց տիպի էր հավաքված և առաջնորդվում էր «որքան շատ, այնքան լավ» սկզբունքով: Այդ բացությունը հնարավորություն էր տալիս մեծացնել շրջանակը, քանզի կար պարզունակ գործողությունների ծրագիր, առաջնորդ և թիրախ: Նման դեպքերում, երբ մարդկանց բազմության շարժիչը միանում է, պարզապես անգրագիտություն և անհեռատեսություն է ուժ կիրառելը, քանզի այն հակառակ էֆեկտն է տալիս: Նիկոլ Փաշինյանին փողոցից կալանավորելը զանգվածի է՛լ ավելի մոբիլիզացման համար կատալիզատորի ֆունկցիա կատարեց: Իշխանափոխության գործընթացի գագաթնակետը հենց այդ կալանավորումն էր: Ամբոխը և հռետորը միմյանցից կախված են կարճաժամկետում: Դա օբյեկտ-սուբյեկտայինհարաբերություն է: Սուբյեկտը հակված է ամբոխին օգտագործել ու «քցել», իսկ ամբոխը հաճույքով պատրաստ է օգտագործվել, բայց մինչև նոր օգտագործողի հայտնվելը: Նոր կուռքի հայտնվելուն պես ամբոխը նույն չափով, ինչ չափով, որ գերվել էր նախորդ կուռքից, սկսում է ատել վերջինիս ու ոչնչացնել: Այնպես որ ամբոխի սիրելի լինելը լավ բան է, բայց կարճաժամկետում: Հետո, երբ սկսվում է կուռքերի տապալման փուլը, սիրելի առաջնորդը, որին ալիքը բարձրացրել էր գագաթին, դառնում է նույնչափ ատելի, և ալիքն իր տակ է առնում է նրան ու այդ ժամանակ չես էլ կարող փախչել: Մի խոսքով, ամբոխի սիրելի լինելը վտանգավոր է սիրելիի համար: Ամբոխը և հեղափոխությունը Հեղափոխական ճանապարհով իշխանափոխությունն ամենադրամատիկն է: Այն հարբեցնում է մարդկանց ու անջնջելի հետք թողնում բոլոր մասնակիցների սրտերում՝ առաջացնելով ինչպես հպարտության (սկզբնական փուլում), այնպես էլ ամոթի ու հիասթափության զգացում (որոշ ժամանակ անց): Հեղափոխությունն ունի պատմականորեն հաստատված փուլեր ու ներքին տրամաբանություն: Կան օրինաչափություններ, որոնք պրակտիկայում դրսևորվում են բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ: Ցանկացած հեղափոխական ուժ հենց որ կարողանում է ամրապնդել իշխանությունը, անմիջապես դառնում է հակահեղափոխական ու խոր պահպանողական: Դա քաղաքագիտական կանոն է: Իշխանության եկած հեղափոխականներին միշտ նյարդայնացնում է այն զանգվածը, որի օգնությամբ նրանք իշխանության են գալիս, քանզի հեղափոխական էյֆորիան զանգվածի մոտ պահպանվում է շատ ավելի երկար, քան հեղափոխական էյֆորիայով իշխանության եկածների մոտ: Իշխանության եկածների ու հեղափոխական զանգվածների սպասումները, մոտիվացիան ու ակնկալիքները տարբեր են: Այդտեղից էլ խզում է առաջանում առաջնորդի ու զանգվածի միջև, որը հետագայում վերածվում է փոխադարձ մետաֆիզիկական ատելության: Հեղափոխականները չեն ողջունում հեղափոխականությունը հեղափոխությունից հետո, քանի որ այն կարող է խաթարել իրենց իշխանությունը: Օրինակ՝ փողոց փակելով ու զանգվածներին ոտքի հանելով հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեկտեմբերի 9-ից հետո (գրեթե 100 տոկոսով Փաշինյանը դեկտեմբերի 9-ից հետո կդառնա վարչապետ) դեմ է լինելու փողոց փակելու և զանգվածներին ոտքի հանելու ճանապարհով հարց լուծելուն: Նա հիմա էլ է դեմ, բայց զուտ հայտարարությունների ու ակնարկների մակարդակով: Դեկտեմբերի 9-ից հետո արդեն կոնկրետ պահվածք կորդեգրվի: Ոստիկանության «փափկամազությանը» կգա փոխարինելու այն, ինչ կար մինչև հեղափոխությունը կամ, միգուցե, ավելի կոշտ բան: Իշխանության համար պայքարը սկսվում է հեղափոխությունից հետո Հակահեղափոխականների փնտրտուքը և մատնանշումը հեղափոխությամբ իշխանության եկածների համար կրում է զուտ քաղտեխնոլոգիական ու մարտավարական բնույթ: Քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ հեղափոխությամբ իշխանության եկածների ամենակատաղի հակառակորդները ոչ թե մերժված իշխանություններն են լինում (թագավորները, ավտորիտար իշխանավորները, ցարականները, փլուզված ՍՄԿԿ-ն և այլն), այլ հեղափոխության ներսի մարդիկ, ովքեր դուրս են մնում իշխանական կարկանդակի բաժանման գործընթացից կամ էլ գաղափարական տարաձայնություններով բաժանվում են (Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանն իրար ավելի շատ էին ատում, քան կոմունիստներին, որոնց տապալելով էին միասին հեղափոխություն իրականացրել. ներտեսակային պայքարը քաղաքականության մեջ ավելի դաժան է ու կոշտ, քան միջտեսակայինը): Հեղափոխականներին հեղափոխությանը դավաճանելու մեջ, որպես կանոն, մեղադրում են հեղափոխությունը ողջունածները կամ դրա մեջ եղածները, իսկ ահա հեղափոխական արժեքները հեղափոխականներից պաշտպանում են թերմիդորականները, այսինքն՝ հնի ու նորի կոմպրոմիսն ապահովողները, որոնց իշխանության գալն անխուսափելի օրինաչափություն է: Ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը չի կարող լինել ՀՀԿ-ն: Նրա ընդդիմախոսները լինելու են, այսպես կոչված, ստերիլ հեղափոխություն պահանջողները, բայց դա առաջին փուլում: Հետո կսկսվի արդեն բուն ընդդիմախոսության գործընթացը, բայց այլ սուբյեկտներով (հեղափոխական արժեքները հեղափոխականներից պաշտպանողներ): Իշխանության ճակատագիրը Ցանկացած իշխանության, այդ թվում՝ հեղափոխական իշխանության հատկանիշն է դե յուրե իշխանություն վերցնելուց հետո վարկանիշային կորուստ ունենալը: Անկումը կլինի սահուն, թե կտրուկ, կախված է իշխանության վարքագծից: Բայց որ անկումն անխուսափելի է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Դա փողոցից դեպի կաբինետ տեղափոխվելու գինն է: Փողոցային ու հեղափոխական տիպի գործընթացների օգնությամբ իշխանության եկածները միշտ հայտնվում են նոր, թանկարժեք ու ցանկալի ավտոմեքենայի կարգավիճակում, որին հենց ավտոսրահից հանում ես, անմիջապես գինը գցում է: Ստանդարտ քաղաքական իրավիճակում ստանդարտ ընտրական մեխանիզմներով ու հեղափոխական ճանապարհով (փողոցով) իշխանության եկածների տարբերությունն այն է, որ եթե առաջինի դեպքում վարկանիշային անկումը իշխանության սուբյեկտի համար կարող է վատագույն դեպքում հանգեցնել հաջորդ ընտրություններում պարտության, ապա երկրորդիդեպքում վարկանիշային կորուստը կարող է ցնցումային զարգացումների բերել նախևառաջ իշխանության սուբյեկտի համար (փողոցով եկողը կարող է փողոցով էլ գնալ՝ հայտնվելով իր երբեմնի երկրպագուների ոտքերի տակ): Եթե հեղափոխությամբ իշխանության եկածներն անմիջապես չեն փորձում հանդարտեցնել իրավիճակը և հասարական հարաբերությունները տեղափոխել ստանդարտ դաշտ, ապա, ի վերջո, նրանք դառնում են իրենց իսկ կիրառած գործիքների գերին ու զոհը: Նախընտրական փուլում հեղափոխականների համար, միգուցե, արդյունավետ են «պատին ծեփելու» և «ասֆալտին փռելու» կոչերն ու տեխնոլոգիաները, բայց դրանք բումերանգի էֆեկտունեն: Ֆրանսիական հեղափոխականների յակոբինյան թևի առաջնորդ Ռոբեսպիերը սիրում էր բոլոր «հակահեղափոխականներին» պառկեցնել գիլյոտինի տակ և գլուխներ թռցնել, բայց վերջում ինքն էլ հայտնվեց գլխատված վիճակում: Հայաստանին բնականաբար ձեռնտու չէ, որպեսզի մեզանում տեղի ունենան այնպիսի զարգացումներ, ինչպիսիք եղան Ֆրանսիայում 1789-ին ու դրանից հետո կամ Ռուսաստանում 1917-ին ու դրանից հետո: Ցնցումների ռեսուրս մենք չունենք: Դրա գինը կարող է Ղարաբաղը, իսկ հետո նաև Հայաստանը դառնալ: Գարնանը տեղի ունեցած հեղափոխությունը կրել է թավշյա բնույթ, իսկ դա նշանակում է, որ հետհեղափոխական զարգացումներն էլ պետք է լինեն թավշյա՝ առանց վենդետաների (ինչպես խոստացվել էր) և կառուցողական դաշտում: Սիրո և հանդուրժողականության մթնոլորտը պետք է վերականգնել, այլապես ատելությունը կարող է սրբել բոլորին ու ճանապարհ բացել ծայրահեղականության համար: Գայթակղվել այսրոպեական էֆեկտներով, նշանակում է լինել ոչ պակաս անհեռատես, որքան որ քեզ կալանավորողներն էին անհեռատես ու դատապարտված պարտության: Ո՞ր ճանապարհը կընտրի Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ից հետո, դժվար է ասել: Ինքնապահպանման բնազդը, թերևս, նրան կպահի թավշյա տիրույթում: Տեսնենք: Անդրանիկ Թևանյան «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am