Ռուսաստանի Զինված ուժերը կշարունակեն օգնել սիրիական իշխանություններին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը (ՕՏՈՒ) Սիրիայի իշխանություններին կօգնեն ահաբեկչության դեմ պայքարում: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի տեղեկացմամբ, այս մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Պուտինը եւս մեկ անգամ ընդգծեց, որ, չնայած Սիրիայից ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերմանը, Ռուսաստանի Զինված ուժերը կշարունակեն օգնել սիրիական իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում եւ իրենց երկիրը ծայրահեղական խմբավորումներից ազատագրելու գործում»,- հայտարարել է Պեսկովը: Ըստ Gazeta.ru-ի, Ասադն իր հերթին բարձր է գնահատել ռուսական օդուժի օգնությունը, նաեւ նշել, որ այնպիսի հաջողությունները, ինչպիսին Պալմիրան է, անհնար կլինեին առանց ռուսական կողմից աջակցության: «Ասադի խոսքով, ակնհայտ է, որ պայքար է գնում նավթի համար, սակայն, ինչպես ինքն է նշել, ամեն տեղ նավթ շատ կա, իսկ Պալմիրան միակն է»,- հավելել է մամուլի խոսնակը: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Բաշար Ասադին շնորհավորել էր Պալմիրայի ազատագրման կապակցությամբ:
