Արցախում պատերազմի վերսկսումը կարող է ավարտվել Ադրբեջանի փլուզմամբ. Զատուլին
ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի այն հայտարարությանը, ըստ որի Ռուսաստանն «օկուպացրել է» ադրբեջանական տարածքները: Զատուլինը ruposters.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը հիմնախնդրի հետ առնչություն չունի, իսկ Ադրբեջանն այն կայուն երկիրը չէ, ինչպիսին կցանկանար լինել, և պատերազմը կարող է պարզապես այդ երկրի փլուզմամբ ավարտվել: «Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջման գնալ, նրանք ցանկանում են վերցնել իրենցը սպառազինությունների, աճող ռազմական սպառնալիքի հաշվին: Մենք դրանում հետաքրքրված չենք, և այդ իսկ պատճառով մեր ջանքերն ուղղված են Ղարաբաղում նոր պատերազմ թույլ չտալուն: Եվ այս իմաստով մեր հակառակորդները դառնում են Ադրբեջանի ղեկավարներն ու քաղաքական շրջանակները, որոնք շատ են խոսում պատերազմի հավանականության մասին: Դա, ի դեպ, կարող է ավարտվել Ադրբեջանի փլուզմամբ, Ադրբեջանն այն կայուն երկիրը չէ, ինչպիսին կցանկանար լինել», - հավելել է ռուս պաշտոնյան:
