ԱՄՆ-ն ներկայացրել է Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը
Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը նշել է, որ Օքսուզը մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու հիմքերով: «Օքսուզը հետախուզման մեջ է: Ավելի վաղ այս տարի նրան ձերբակալելու որոշում է կայացվել, որը շարունակում է ուժի մեջ մնալ: Օքսուզը վերջերս ձերբակալվել է Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասվում է սեպտեմբերի 24-ին դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշել էին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններից ստացել է միջնորդություն` Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզին արտահանձնելու վերաբերյալ: Երևանում ձերբակալված՝ ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզը, ով Միացյալ Նահանգների կողմից միջազգային հետախուզման մեջ էր հայտարարվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից նյութեր կեղծելու ու թաքցնելու համար, պարզվել է, որ Հայաստանում ևս հակաօրինական գործունեություն է ծավալել։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ մեր երկրում նրա հիմնած The Sena Group ընկերությունը խուսափել է հարկերի վճարումից։ «The Sena Group» ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քեվին (Քեմալ) Օքսուզ) տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում հնարավոր է ՀՀ իրավասու մարմնի կողմից կատարել համապատասխան քննչական գործողություններ:
