Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 2-3-ը Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը (Republic of Armenia Prayer Breakfast, RAPB)։ Միջոցառումը կազմակերպիչները ներկայացնում են որպես հավատքի, հանրային կյանքի, միջազգային համագործակցության և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսության հարթակ։

Երկօրյա հավաքին, ըստ կազմակերպիչների հրապարակած տեղեկատվության, մասնակցելու են Հայաստանից և ևս 32 երկրներից պետական կառավարման, դիվանագիտական, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կրոնական համայնքների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ միջոցառմանը նախատեսվում է շուրջ 300 անձի մասնակցություն։

Միջոցառման պաշտոնական ծրագրի համաձայն՝ հիմնական աղոթքի նախաճաշի հետ մեկտեղ նախատեսվում են փորձագիտական քննարկումներ, թեմատիկ ֆորումներ և հանդիպումներ։ Ծրագրում ներառված է նաև ՀՀ վարչապետի կողմից հյուրընկալվող պաշտոնական ընթրիք, ինչպես նաև այցելություն Սուրբ Էջմիածին և հանդիպում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության հետ։

Ովքե՞ր են ժամանելու Հայաստան

Աղոթքի նախաճաշի կազմակերպիչների հրապարակած ցանկում ընդգրկված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ Փաշինյանը հանդես կգա հիմնական ելույթով, որին կհաջորդեն քաղաքական և կրոնական առաջնորդների մասնակցությամբ քննարկումներ, անդրադարձեր և աղոթք։

Միջազգային բանախոսների թվում է ԱՄՆ Սպիտակ տան Հավատի գրասենյակի ավագ խորհրդական և տնօրենի պաշտոնը զբաղեցնող Պաուլա Ուայթը։ Սպիտակ տան պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ուայթը 2025 թվականից զբաղեցնում է Հավատի գրասենյակի ավագ խորհրդականի պաշտոնը։

Միջոցառմանը նախատեսվում է նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական քարտուղար և միջազգային կրոնական ազատության հարցերով հատուկ դեսպան Ռայլի Բարնսի մասնակցությունը։ Նրա անունը կազմակերպիչները ներառել են հիմնական բանախոսների շարքում։

Մասնակիցների թվում է նաև ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի՝ USCIRF-ի նախագահ Ասիֆ Մահմուդը։ USCIRF-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մահմուդը 2026-2027 թվականների համար ընտրվել է հանձնաժողովի նախագահ, իսկ Սեսե Հեյլը՝ փոխնախագահ։

Կազմակերպիչների հրապարակած ցանկում ընդգրկված են նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի հետբուհական ուսումնասիրությունների ղեկավար եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը, ԱՄՆ-ի և Կատարի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Սարգսյանը, Նիգերիայի Մակուրդիի թեմի եպիսկոպոս Ուիլֆրեդ Չիկպա Անագբեն, Չեխիայի՝ կրոնական ազատության և միջկրոնական երկխոսության հարցերով հատուկ բանագնաց Ռոբերտ Ռժեհակը, ՀՀ դեսպան ԱՄՆ-ում Նարեկ Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։Լրացուցիչ մասնակիցների ցանկում են նաև Էջմիածնի քաղաքապետ Արգիշտի Մեխակյանը։ Այսպիսով, կազմակերպիչների հրապարակած ցանկից երևում է, որ միջոցառմանը նախատեսվում է ոչ միայն Հայաստանի և ԱՄՆ-ի, այլև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի ներկայացուցիչների մասնակցություն։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աղոթքի նախաճաշին մասնակցելու են նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ։

«Ժողովուրդ» օրաթերթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հետաքրքրվել էր, թե արդյոք Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցելու են միջոցառմանը, ինչպես նաև՝ ովքեր են լինելու մասնակիցները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը մեզ փոխանցեց, որ աղոթքի նախաճաշին Մայր Աթոռը մասնակցության հրավեր ստացել է, և միջոցառմանը կմասնակցեն Հայոց Եկեղեցու ներկայացուցիչներ։

Մնացած հարցերի վերաբերյալ, ըստ Մայր Աթոռի, պաշտոնական հրապարակում կլինի։

Ի՞նչ է քննարկվելու

Աղոթքի նախաճաշ 2026-ի օրակարգը դեռ ամբողջությամբ վերջնականացված չէ։ Կազմակերպիչները մի շարք թեմաներ ներկայացնում են որպես քննարկման նախնական ուղղություններ։

Խ

Առաջին թեման կրոնի կամ դավանանքի ազատությունն է՝ Freedom of Religion or Belief (FoRB)։ Կազմակերպիչները նշում են, որ նախատեսվում է քննարկել Հայաստանի փորձը, տարածաշրջանային դիրքը և կրոնական ազատության վերաբերյալ միջազգային գործընթացները։ Քննարկումներին կարող են մասնակցել քաղաքականություն մշակողներ, հետազոտողներ, իրավապաշտպաններ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Մյուս ուղղությունը քրիստոնեական ֆինանսներն ու էթիկական տնտեսագիտությունն է։ Օրակարգում նախատեսվում է անդրադառնալ քրիստոնեական արժեքների վրա հիմնված ներդրումներին, հավատքով պայմանավորված բանկային և կապիտալի ձևավորման մոտեցումներին, ինչպես նաև բիզնեսի պատասխանատու կառավարմանը։

Առանձին թեմա է Մերձավոր Արևելքի հավատքի համայնքների կայունությունը։ Քննարկվելու են ճնշման պայմաններում կրոնական համայնքների պահպանման, ժողովրդագրական և հասարակական դիմադրողականության, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և արևելյան քրիստոնեական ավանդույթների միջև համագործակցության հարցերը։

Օրակարգում է նաև Երուսաղեմի հայկական թաղամասը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը։ Կազմակերպիչների ներկայացմամբ՝ նախատեսվում է անդրադառնալ Երուսաղեմի Հայոց պատրիարքության պատմական դերակատարությանը և առկա խնդիրներին, Սուրբ Երկրում քրիստոնեական ժառանգության ու սրբավայրերի պահպանությանը, ինչպես նաև Իսրայելի հետ հարաբերությունների թեմային։

Մեկ այլ ուղղություն Հայաստանի՝ քրիստոնեական զբոսաշրջության և ուխտագնացության ուղղությամբ հնարավորությունների քննարկումն է։ Խոսքը, մասնավորապես, ուխտագնացության երթուղիների զարգացման, տարածաշրջանային զբոսաշրջային համագործակցության և Հայաստանի միջազգային ներկայացվածության մասին է։

Վերջին թեմաներից մեկը արհեստական բանականության դարաշրջանում հավատն ու հոգևորությունն է։ Կազմակերպիչները նախատեսում են քննարկել արհեստական բանականության ազդեցությունը կրոնի վրա, հավատքի և բարոյական ավանդույթների դերը տեխնոլոգիական զարգացման գործընթացում և արագ զարգացող տեխնոլոգիաների պայմաններում հոգևոր պատրաստվածության հարցերը։

Որտեղից է ծագում աղոթքի նախաճաշի ձևաչափը

Աղոթքի նախաճաշի ձևաչափը նոր երևույթ չէ։ Դրա ամենահայտնի օրինակը ԱՄՆ-ում անցկացվող Ազգային աղոթքի նախաճաշն է։

ԱՄՆ Կոնգրեսի արխիվային նյութերի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների աղոթքի խմբերը ձևավորվել էին դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ 1953 թվականին նախագահ Դուայթ Էյզենհաուերը մասնակցել է առաջին համատեղ Ազգային աղոթքի նախաճաշին։ ԱՄՆ նախագահների մասնակցությունը այդ միջոցառմանը հետագայում դարձել է երկարամյա ավանդույթ։

ԱՄՆ-ի փորձից բացի, աղոթքի նախաճաշի ձևաչափով միջոցառումներ անցկացվում են նաև այլ կառույցներում ու երկրներում։ Օրինակ՝ ԱՄՆ բանակի տարբեր ստորաբաժանումներ ևս կազմակերպում են նման միջոցառումներ, որոնք ներառում են նախաճաշ, աղոթք, ելույթներ և տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչների մասնակցություն։

Այս ձևաչափի առանցքային առանձնահատկությունը քաղաքական, հասարակական և կրոնական տարբեր շրջանակների ներկայացուցիչներին մեկ վայրում հավաքելն ու հավատքի, արժեքների, հանրային ծառայության և հասարակական խնդիրների շուրջ քննարկումներ կազմակերպելն է։ Միաժամանակ տարբեր երկրների և կազմակերպությունների աղոթքի նախաճաշերի բովանդակությունն ու մասնակցության շրջանակը կարող են էապես տարբերվել միմյանցից։

Այսպիսով, հոկտեմբերի 2-3-ին Երևանում նախատեսվող հավաքը լինելու է Հայաստանում աղոթքի երկրորդ նախաճաշը, իսկ դրա օրակարգը, ըստ կազմակերպիչների, ներառելու է ոչ միայն կրոնական թեմաներ, այլև միջազգային կրոնական ազատությունը, Մերձավոր Արևելքի համայնքների ապագան, Երուսաղեմի հայկական ժառանգությունը, քրիստոնեական զբոսաշրջությունը, էթիկական տնտեսագիտությունը և արհեստական բանականության զարգացման հետ կապված բարոյական ու հոգևոր հարցերը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am