«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցը մի այլ կարգի ոգևորել է ինչպես քպական քարոզիչներին ու քպամերձ արևմտյան սատելիտներին, այնպես էլ ու առանձնապես՝ Նիկոլ Փաշինյանին: Ճիշտ է, ոգևորության բռնկումները սկսեցին մարել, երբ արդեն Բաքվում ԱՄՆ փոխնախագահն Ալիևի հետ հանդիպեց ու որոշակի հայտարարություններ արեց, որոնցից մի քանիսն առնվազն վտանգավոր էին, այդ թվում՝ TRIPP-ի վրայով թռչելու մասին հայտարարությունը: Նաև՝ երբ խմբագրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր կատարած այցի վերաբերյալ իր պաշտոնական էջում արված գրառումը: Իսկ երբ պարզ դարձավ, որ իրականում ոչ թե Հայաստանին է ԱՄՆ-ը միլիարդներ տալու, այլ Հայաստանն է միլիարդներ տալու ԱՄՆ-ին, ոգևորության փուքսն, ինչպես ասվում է, նկատելիորեն մարեց: Մի խոսքով, եկավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նրա այցն ակտիվորեն քննարկվեց, իշխանական շրջանակները հիացական մեկնաբանություններ արեցին, ընդդիմադիրները՝ քննադատական արձագանքներ, վերջիններս նաև ակցիաներ իրականացրեցին:

Բայց այս ամենի մեջ գոնե մեզ համար ոչ պակաս հետաքրքիր էր այլ հանգամանք: Տեսեք, այս օրերին աշխուժորեն սկսեց քննարկվել այն թեզը, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան կատարած այցը Նիկոլ Փաշինյանի համար «փիար» էր՝ հունիսին նախատեսված ընտրություններին ընդառաջ: Վենսն ինքն էլ, կարծես, ուղիղ տեքստով ասաց, որ ինքը Փաշինյանի կողմից է (չնայած, իմիջիայլոց, փաշինյանենք ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններում հոգով-սրտով Բայդեն էին երկրպագում): Իսկ հետաքրքիրն այն է, որ նման դիտարկում կամ արձանագրում անողների մի մասը չի թաքցնում զարմանքը, կարծես մի անսպասելի բան է կատարվել: Իհարկե, Ջեյ Դի Վենսը ձեռքի հետ նաև Փաշինյանին համապետական ընտրություններից առաջ «փիար» պիտի աներ, գովաբաներ, թեկուզ նրա այցի նպատակը բացառապես ԱՄՆ շահերն առաջ տանելն ու տարածաշրջանում ամերիկյան ներկայության ամրապնդումն էր: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ու նրա իշխանության օտարաշահ «գիծը» ԱՄՆ-ին միանգամայն ձեռնտու է: Թեկուզ այն պատճառով, որ իրենց կողմից թշնամի հռչակված Իրանի հենց սահմանին «ոտատեղ» են արել՝ ի դեմս «Թրամփի ուղու», չհաշված՝ Հայաստանն Իրանի հետ ցամաքային կապից կտրելու հեռանկարը: Ավելին, Փաշինյանը և ՔՊ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերն են կյանքի կոչում, լիովին սպասարկում են Հայաստանի ու հայ ժողովրդի երդվյալ թշնամիների շահերն ու օրակարգերը, այնքան ու այնպես, որ Անկարայում ու Բաքվում մեկ տասնամյակ առաջ չէին էլ համարձակվի երազել:

Էհ, բնականաբար, նրանք՝ Բաքուն, Անկարան, Ալիևը, Էրդողանը, պիտի շահագրգռված լինեն, որ Փաշինյանին ամեն գնով պահեն իշխանության, նրա համար «փիար» էլ են անելու, տո՝ ձրի բենզին էլ կտան, պետք լինի՝ ոստիկաններ ու թիկնապահներ էլ կուղարկեն: Դե, իսկ Արևմուտքը, տվյալ դեպքում՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը՝ առանձին-առանձին, իրենց ձևերով են Փաշինյանին ու նրա ՔՊ-ին «փիարում», սատարում, քարոզում: Տարօրինակ կլիներ, որ «չփիարեին», ախր Փաշինյանը չի խնայում Հայաստանը՝ օտարների շահերին և ախորժակին հագուրդ տալու համար, միայն թե իրեն օգնեն ամեն գնով պահել իշխանությունը: Չէ, նրանցից ոչ մեկին Փաշինյանը չի հետաքրքրում, ավելին՝ ակնհայտ է, որ նրանցից ոչ մեկը Փաշինյանին չի ընդունում, էլ ավելին՝ նրանց Հայաստանն ընդհանրապես չի հետաքրքրում, բայց այս պահին նա ձեռնտու է զուտ նրա համար, որ Հայաստանի հաշվին սպասարկի իրենց շահերը, Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից:

Մեր երկիրը արդեն իսկ մխրճվել է նախընտրական իրողությունների ու նախընտրական տրամաբանության հորձանուտ: Հիմա նույնիսկ ճնճղուկներն են քաղաքական ենթատեքստով ծլվլում, էլ ուր մնաց՝ զանազան գործիչները, այն էլ՝ օտարերկրյա:

Այնպես որ, պայմանական ասած՝ նման «Վենսեր» ու այլ քարոզչական «դիջեյներ» առաջիկա ամիսներին շատ են Երևան գալու-գնալու: Կամ եթե չեն էլ գալու, շատ հայտարարություններ են անելու, շատ են փորձելու ազդել Հայաստանի ընտրողների ու տրամադրվածությունների վրա: Խնդրեմ, մայիսին «Եվրոպական քաղաքական համայնքի» մի ամբողջ գագաթաժողով է նախատեսված: Ընտրությունից 1 ամիս առաջ: Պարզ է, չէ՞, ինչի համար: Հո հենց այնպես չեն 15 միլիոն եվրո ցնծացել Փաշինյանի իշխանությանը՝ ընտրողների կամքի և ժողովրդավարության դեմ պայքարելու համար: Խնդրեմ, Վենսը եկավ հայտարարություններ արեց ու հենց գնաց, հաջորդ իսկ օրը փաշինյանական ռեժիմի ռեպրեսիվ մարմինները հարձակվեցին Վաղարշապատի ընդդիմադիրների վրա: Երևի լիարժեք «դաբրո» է ստացել Վենսից նոր քաղաքական բռնաճնշումների համար: Մի խոսքով, կգան ու կգնան, կխոստանան ու «կփիարեն», մանիպուլ յացիաներ կանեն: Այդ ամենը հասկանալի է, սպասելի է: Բայց, ի վերջո, կա ամենակարևոր հարցը՝ հունիսի 7-ին ո՞վ է գնալու քվեարկության: Ո՞վ է ընտրություն կատարելու և իր ընտրությանը տեր կանգնելու:

Էլի հավաքականորեն ասած՝ Վենսն ու Կայա Կալլասը չեն գնալու քվեարկեն, չէ՞: Քվեարկելու են, ընտրություն են կատարելու մեր քաղաքացիները: Մենք՝ բոլորս:


Ու երբ ընտրողը մտնի քվեախցիկ, ինչի՞ մասին է մտածելու, ի՞նչ է հիշելու, ի՞նչն է գնահատելու և վերագնահատելու: Մոռանալո՞ւ է այս 8 տարում Փաշինյանի ու ՔՊ-ի գործած ավերներն ու բերած աղետները: Մոռանալո՞ւ է հազարավոր զոհերը, Արցախի կորուստը, Արցախի հայությանը հայրենազրկման ենթարկելը: Մոռանալո՞ւ է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող այս արշավանքը: Ներելո՞ւ է ազգային արժանապատվության խայտառակ նվաստացման դրսևորումներն ու Արարատն ուրանալը: Ներելո՞ւ է տարեցներին ու թոշակառուներին ծաղրելը: Ներելո՞ւ է հարկատուների հաշվին Փաշինյանի իշխանավորների բազմամիլիոնանոց ինքնապարգևատրումները: Մոռանալո՞ւ է ոստիկանական «բեսպրեդելն» ու խաղաղ ցուցարարներին նռնակահարելը: Մոռանալո՞ւ է ընդդիմադիրների և հոգևորականների բռնաճնշումները, քաղաքական հալածանքներն ու հետապնդումները, մոռանալո՞ւ է, որ հենց Փաշինյանին փիարողները Հայաստանը մաս-մաս վերացնում են:

Այնպես որ, ինչքան էլ Վենսը, Կալլասը, Ալիևն ու Էրդողանը Փաշինյանին «փիարեն», կարևորը այլ բան է: Կարևորը այն է, թե մենք ինչ ենք մտածում, ինչ ենք անում, ինչպես ենք գնահատում ինքներս մեզ:

Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր երեխաները, մեր զավակները, թոռները պետություն, երկիր, ապրելու կենսատարածք ունենան, թե՞ ուզում ենք Փաշինյանի հերթական արկածախնդրության զոհեր դառնան՝ «հանուն ոչնչի», ի լրումն՝ զրկվելով երկրից, պետությունից, դառնալով աներկիր թափառականներ:

Սա է հիմնականը: Իսկ քաղաքական ուժերի հիմնական խնդիրը հասարակության կուտակված դժգոհությունն ու տրամադրվածությունը մոբիլիզացված առարկայացնելն է՝ երկիրը փաշինյանական ձախավերությունից ձերբազատելը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին Վրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան «Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան Նիկոլի ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները․ Դեմոյան Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից Նոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն․ Մոջթաբա Խամենեի Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները Իրանի գերագույն առաջնորդը հաստատել է իր կնոջ և քրոջ մահը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am