Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում հրապարակվեց Թրամփի վարչակազմի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ոչ միայն նշանավորում է ամերիկյան ռազմաքաղաքական մտածողության հերթական շրջադարձը, այլև հստակ արտացոլում է ժամանակակից աշխարհաքաղաքական դինամիկան և գլոբալ հարթակում Վաշինգտոնի դերի ու առաջնահերթությունների վերաիմաստավորումը։

Այս ռազմավարության հիմքում դրված է «America First» սկզբունքը, որն այս անգամ դրսևորվում է առավել համակարգված, կանխատեսելի և գործնական մեխանիզմներով։ Նոր փաստաթուղթը առանձնանում է իր ընդգծված շեշտադրումների, արտաքին քաղաքականության կառուցվածքային ուղղությունների, տարածաշրջանային գերակայությունների և աշխարհաքաղաքական մրցակցության նոր տրամաբանության ձևակերպմամբ։

Նախևառաջ, ռազմավարության առանցքում դրված է ամերիկյան ռազմական գերազանցության, տնտեսական գերակայության և Արևմտյան կիսագնդում անվիճելի ազդեցության վերականգնման ու պահպանման խնդիրները։ Թրամփի վարչակազմն այս անգամ հիմնարար կարևորություն է տալիս ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային զսպման ուժի զարգացմանը, նոր սերնդի հրթիռային պաշտպանական համակարգերի ստեղծմանը, մասնավորապես՝ «Ոսկե գմբեթի» (Golden Dome) համակարգի գաղափարի առաջմղմանը, որը պետք է ապահովի երկրի լիարժեք պաշտպանությունը ժամանակակից սպառնալիքներից՝ ներառյալ հրթիռային և անօդաչու համակարգերից։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը պատրաստ է տեխնոլոգիական թռիչքի և ռազմական ինովացիաների դարաշրջանի՝ միաժամանակ վերաիմաստավորելով իր ավանդական դաշնակցային համակարգերի դերը՝ առավելապես շեշտելով սեփական ինքնաբավությունն ու գերակայությունը։

 


Տնտեսական քաղաքականության ոլորտում ռազմավարությունն ամրապնդում է հարկային նվազեցումների, ապակարգավորումների և առաջավոր տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկ նորարարությունների, կենսատեխնոլոգիաների խթանման միջոցով ԱՄՆ-ի մրցակցային առավելության պահպանումը։

Ռազմավարության մեջ կենտրոնական է ամերիկյան բարեկեցության ու տնտեսական անվտանգության բազայի ամրապնդումը՝ որպես ռազմական և դիվանագիտական լծակների արդյունավետ կիրառման նախապայման։ Նոր ռազմավարությունը շեշտում է, որ ԱՄՆ-ը չի կարող ապահովել արտաքին անվտանգություն՝ առանց տնտեսական ինքնաբավության, գլոբալ մատակարարման շղթաներում գերիշխող դիրքի և ներդրումային ներգրավվածության նոր մակարդակի։ 2030 թվականը ռազմավարության մեջ նշվում է որպես նպատակային կետ՝ ամերիկյան երկարաժամկետ տնտեսական կենսունակության համար, որտեղ առկա է տնտեսական քաղաքականության ու անվտանգության անքակտելի կապը։

Տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից փաստաթուղթը արմատապես վերաֆորմատավորում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ուշադրության առանցքները։

Արևմտյան կիսագնդում ամերիկյան գերակայության վերականգնումը հիմնավորվում է Մոնրոյի դոկտրինի սկզբունքներով՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը վճռական է նորից դառնալ տարածաշրջանի անժխտելի առաջնորդը։ Այստեղ շեշտը դրվում է նավատորմի և ծովային անվտանգության ուժերի դերի մեծացման, դաշնակից կառավարությունների աջակցման և Արևմտյան կիսագնդի ռեգիոնալ անվտանգության համակարգերի վերակենդանացման վրա։

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առումով նոր ռազմավարությունը ճանաչում է տարածաշրջանի աճող նշանակությունը, սակայն զգալիորեն տարբերվում է նախորդ տարիների մոտեցումներից։ Չինաստանի նկատմամբ ռազմավարությունը կառուցված է տնտեսության առաջնահերթության, փոխշահավետ առևտրի, փոխադարձության և երկարաժամկետ տնտեսական մրցակցության վրա՝ խուսափելով բացահայտ «թշնամու» պիտակավորումից։ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները դիտարկվում են ոչ թե որպես գաղափարախոսական կամ անմիջական ռազմական հակամարտության հարթակ, այլ ավելի շատ տնտեսական, տեխնոլոգիական մրցակցության հարթությունում։ Մյուս կողմից՝ տարածաշրջանային անվտանգության հարցերում շեշտը դրվում է Թայվանի շուրջ դաշնակիցների՝ հատկապես Հնդկաստանի հետ համագործակցության զարգացման վրա, բայց առանց Չինաստանի հետ ուղիղ ռազմական բախման նախադրյալների ստեղծման։ Այս մոտեցումը տարբերվում է նախորդ ռազմավարություններից, որոնք հաճախ Չինաստանին ներկայացնում էին որպես առանցքային ռազմավարական սպառնալիք, իսկ այժմ առաջնահերթությունը տրվում է տնտեսական ոլորտում մրցակցության կարգավորմանը։

Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված քաղաքականության մեջ ռազմավարությունը ընդգծում է, որ Ուկրաինայի ճգնաժամի լուծումը կարևոր է ԱՄՆ շահերի համար, սակայն այս հարցում Թրամփի վարչակազմը առավել կոշտ քննադատություն է ուղղում եվրոպացի դաշնակիցների հասցեին, քան Ռուսաստանի։ Միացյալ Նահանգներն ընդգծում է, որ ձգտում է բանակցային ճանապարհով արագ լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածությունը։ Ամերիկյան կողմը նախանշում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու իր պատրաստակամությունը՝ թերևս փորձելով թույլ չտալ, որ Ռուսաստանը նետվի Չինաստանի «գիրկը»։

Միաժամանակ, ստեղծվում է այն տպավորությունը, որ ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել իր անմիջական ներգրավվածությունը եվրոպական անվտանգության հարցերում՝ պատասխանատվության ավելի մեծ մասը դնելով դաշնակիցների վրա և պահանջելով իրական բեռի բաշխում։ Սա դրսևորվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության ծախսերի ավելացման մասին պահանջներով, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի անվտանգության երաշխավորի ավանդական դերի որոշակի վերանայումով։

Նոր ռազմավարության կարևորագույն տարրը դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ հարաբերությունների վերաիմաստավորումն է։ Այստեղ ամերիկյան աջակցությունը պայմանավորվում է բեռի համաչափ բաշխման, արտահանման վերահսկողության և նպատակային խթանների տրամադրման սկզբունքներով, այլ ոչ թե լայնածավալ և անվերապահ պարտավորություններով։ Սրանով Թրամփի վարչակազմը ակնհայտորեն փորձում է նվազեցնել ԱՄՆ-ի վրա ընկնող ֆինանսական և ռազմական բեռը, խրախուսել դաշնակիցներին ավելի ակտիվ մասնակցություն ու պատասխանատվություն ստանձնել՝ միաժամանակ ամրապնդելով ամերիկյան ազգային շահերի գերակայությունը։

Սա զգալիորեն տարբերվում է նախորդ վարչակազմերի բազմակողմ և գլոբալ պարտավորություններին կողմնակից մոտեցումներից, որտեղ ԱՄՆ-ը հաճախ հանդես էր գալիս որպես միջազգային անվտանգության համակարգի առանցքային հովանավոր։ Այսպիսով, Վաշինգտոնը կարծես թե հրաժարվում է «համաշխարհային ոստիկանի» իր դերակատարությունից՝ փորձելով նվազեցնել իր ներգրավվածությունն այլ տարածաշրջաններում։

Անվտանգության ոլորտում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում միջուկային զսպման քաղաքականությանն ու նորագույն պաշտպանական տեխնոլոգիաների ներդրմանը։ ԱՄՆ-ը շեշտադրում է, որ իր միջուկային և հրթիռային պաշտպանական կարողությունները պետք է շարունակաբար արդիականացվեն, որպեսզի մնան աշխարհում աննախադեպ։ «Ոսկե գմբեթի» ծրագիրը, որին առանձին հատված է հատկացված ռազմավարությունում, ենթադրում է հզորացված հակահրթիռային պաշտպանություն՝ նորագույն ռադարների, արհեստական բանականության և ավիացիոն միջոցների համադրմամբ, որը պետք է ԱՄՆ-ին դարձնի բեկումնային պաշտպանական համակարգերի առաջատար։

Սոցիալական և ներպետական անվտանգության տեսանկյունից ռազմավարությունը ամրապնդում է սահմանների վերահսկողության, թմրանյութերի դեմ պայքարի և ներգաղթի վիճակագրության խստացման առաջնահերթությունները՝ մասնավորապես Արևմտյան կիսագնդում։ Սա միտված է ամերիկյան հասարակության համախմբմանը և ներքին անվտանգության ամրապնդմանը՝ հաշվի առնելով, որ ժամանակակից սպառնալիքները հաճախ չեն ճանաչում սահմաններ և պահանջում են նորարարական, ինտեգրացված պատասխաններ։

Տեխնոլոգիական գերազանցությունը ևս ռազմավարության առանցքային տարրերից է։ ԱՄՆ-ը նպատակ ունի առաջատար մնալ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, կենսատեխնոլոգիաների և էներգետիկ նորարարությունների ոլորտներում՝ ինչպես պետական ներդրումներով, այնպես էլ մասնավոր հատվածի խրախուսմամբ։

Թրամփի վարչակազմը շեշտում է, որ տեխնոլոգիական գերակայությունը ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչ է, ինչը ենթադրում է արտահանման վերահսկողության խստացում, ռազմավարական ոլորտներում ինքնաբավություն և միջազգային չափորոշիչների ձևավորման գործընթացում ամերիկյան դիրքերի ուժեղացում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Ադրբեջանը զինվում է, բայց պատերազմ չի լինի. Արտաքին հետախուզությունն իրե՞ն է ծաղրում, թե՞ ժողովրդին Անգործունակ, սակայն իրեն առատ պարգևատրող իշխանության համար բնության ամեն մարտահրավեր դառնում է չլուծվող խնդիր Աղոթում եմ, որ Ռուբենը շուտ ազատվի․ UWC Դիլիջանի շրջանավարտի նամակը՝ Ռուբեն Վարդանյանին և Զոնաբենդին Կապան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Շվեյցարիայի ողջ թեմը միասնականորեն աջակցում է Վեհափառ Հայրապետին Երկու օր մտածելու ժամանակ են տվել, այլապես պիտի եկեղեցին ազատեն. Տեր Աբրահամը` ճնշումների մասին Ինչ-որ մեկը պետք է դա կանգնեցներ․ Ալիևի հայտարարությունը Դավոսում Ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության, որը իր էությամբ ուղղված է Եկեղեցու հեղինակազրկմանը․ Տեր Արտաշես Հակոբյան Դատարանը պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել Սրբազանի հեռախոսային զրույցը գաղտնազերծելու փաստով ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքների ֆոնին Դանիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Գրենլանդիա Ֆրանսիայի նախագահ. ԱՄՆ-ն փորձում է թուլացնել և իրեն ենթարկել Եվրոպան Տավուշի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանն ու կինը դեռևս Հայաստանում են. վերջինիս վերադարձը հետաձգվել է Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Բանջարաբոստանային կուլտուրան զբաղված է կուսակցական աշխատանքով, սրա նրա դեմ ստատուսներ ու հայցեր գրելով, սրա-նրա վրա ֆեյքեր քսի տալով, ատելություն տարածելով Զովաբեր-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է, Լուսաշող-Լանջառ ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է Գեղեցկության սրահները հարկ չեն տալու. Սամվել Կարապետյանի «Տնտեսական Քայլ 2»-ը Մի օր Հայաստանից տարանցումը կապահովվի անմիջապես Ադրբեջանի տարածքով, այդ օրը սարերի հետևում չէ. Ալիև Դեղերի գներն իջնելու են առնվազն 20 տոկոսով. Ուժեղ Հայաստանում մեր ավագ սերունդը պետք է ունենա արժանապատիվ կյանք. Աշոտ Մարկոսյան «Մեր ատոմակայանի 1-ին ռեակտորի կառուցումը 99%-ով ավարտված է». թուրք նախարար Հայ ժողովրդի փայը բաժան-բաժան լինելն է ու Փաշինյան Նիկոլի դիշովի շոուներին թամաշա անելը… մինչ այն պահը, երբ. Միհրան Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am