ԵԱՏՀ-ն պատրաստ է աջակցել հայ բեռնափոխադրողներին՝ Ռուսաստանում մուտքի կանոնների մեղմացման հարցում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) արձագանքել է վերջին շրջանում ստեղծված իրավիճակին, որը կապված է Հայաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների բեռնատարների վարորդների՝ Ռուսաստանում բեռնափոխադրումներ իրականացնելու դժվարությունների հետ։
Այս պահին հանձնաժողովում քննարկվում է հնարավորությունը՝ վերացնելու միգրացիոն սահմանափակումները այն վարորդների համար, ովքեր ԵԱՏՄ անդամ պետություններից են և զբաղվում են միջազգային ավտոբեռնափոխադրումներով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՌԴ-ում ժամանակավոր ժամանման (մնալու) ժամկետները սահմանող նոր կանոններին, որոնք խնդիրներ են առաջացրել վարորդների համար։
ԵԱՏՀ-ն վստահեցնում է, որ իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում անում է ամեն անհրաժեշտը՝ հարցը կարգավորելու և բեռնափոխադրումների անխափան ընթացքն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ երեկ բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ գործադիրը ռուսական կողմի հետ բանակցի այնտեղ գտնվելու 90-օրվա արգելքը հանելու վերաբերյալ: Նշենք, որ այն երկրները, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մտնել Ռուսաստան, այս տարվա հունվարի 1-ից այլևս ոչ թե յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր կարող են գտնվել այնտեղ, այլ՝ 1 տարվա ընթացքում գումարային 90 օր, այսինքն, այս ժամկետը ՌԴ-ն երկու անգամ կրճատել է:
