Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է իր ընտանիքի գույքի մասին ասեկոսեները

Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն իմ գույքի մասին, հեքիաթային պատմություններ են պատմում, իսկ այս կամ այն քրեական գործերը, որոնք ինձ հետ որևէ առնչություն չունեն, փորձում են վերագրել ինձ։ Այս մասին մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պարզվեց, որ իմ գույքի արժեքը 4 մլրդ դոլար չէ։ Եվ այս թեզը 2009-2010 թվականներից շատ ակտիվ փորձում էին ներդնել մարդկանց գիտակցության մեջ պրոպագանդիստական մեքենայի միջոցով, դա սկսեց անել «Հայկական Ժամանակ» թերթը։
Ընդ որում, այն ամենից, ինչ նկարագրվել է այն ժամանակվանից, գրեթե ոչինչ Գլխավոր դատախազության հայցում չկա, այլ կա այն, ինչ գրանցված է Կադաստրի կոմիտեում։ Մենք մանրամասների մեջ չենք մտնում՝ ելնելով մեր դատական պաշտպանության մարտավարությունից, քանի որ չենք վստահում Գլխավոր դատախազությանը՝ հաշվի առնելով, որ այսօր գլխավոր դատախազը, ըստ էության, վարչապետի օգնականն է։ Երբ ժամանակը գա, մենք բոլոր հիմնավորումները կներկայացնենք դատարանում։
Պարզվեց, որ հինգ բանկերը և օդանավակայանն իմը չեն, Քաջարանի կոմբինատը պարզ է, թե ում է պատկանում, «Սպայկան» ինձ հետ որևէ առնչություն չունի։ Իմ բացթողումն այն է, որ 2010 թվականից ես պատշաճ ուշադրություն չեմ դարձրել այս ամբողջ ապատեղեկատվության հերքման հարցին։
Հիմա հայտնվել են նորաթուխ օլիգարխներ, որոնց անունները դեռ երկու տարի առաջ ոչ ոք չգիտեր, իսկ հիմա նրանք Հայաստանում 50-100 մլն դոլարի նախագծեր են իրականացնում։ Որտեղի՞ց այդ փողերը։ Դուք հավատո՞ւմ եք, որ դրանք նրանց փողերն են։
Մեր ընտանիքի գույքի հիմնական մասը ձեռք է բերվել նախագահի պաշտոնից իմ հեռանալուց հետո։ Ես աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ շատ լուրջ գումարներ եմ վաստակել։ Համապատասխան փաստաթղթավորված ապացույցներ կան»,- նշել է Քոչարյանը։