Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր քրեական գործն արդեն դատարանում է, շոշափվում է նաև Սեդրակ Քոչարյանի անունը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննության։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ գործն օրերս մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Սերժ Սարգսյանին, վերաբերում է Իսակովի պողոտայի հողերի օտարմանը։ Մասնավորապես, Իսակովի պողոտայում գտնվող, ՊՆ հաշվեկշռում գտնվող 11 հա հողատարածքն, ըստ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի, օտարվել է 2005-2006 թվականներին, երբ ՀՀ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր։ Ըստ քրեական գործի՝ այս հողերն իբրև օտարվել են շուկայականից էականորեն ցածր գնով ուղղակի վաճառքով: Այս քրեական գործից ավելի վաղ անջատվել են Վաչագան Ղազարյանի և 2005-2006 թվականներին
Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Սարգսյանի մասերն ու ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։ Այժմ ՔԿ-ն մեղադրում է Սերժ Սարգսյանին՝ 8 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու հատկանիշներով։
«Դատալեքս» համակարգից գործից նոր մանրամասներ են հայտնի դառնում։ Մասնավորապես, ըստ գործի՝ Սերժ Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի 16.03.2002թ. համար ՀՆ-1064 հրամանագրի համաձայն՝ հանդիսանալով պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու է եղել ղեկավարել, կազմակերպել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել Նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել և օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ Նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագրեր, այդպիսով պետական մարմնում մշտապես իրականացրել է կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսացել է պաշտոնատար անձ:
«Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 25.01.2005 թվականին, ՀՀ կառավարության կողմից ընդունվել է թիվ 147-Ա որոշումը, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը: Հիշյալ որոշումը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից 28.02.2005 թվականին:
Այնուհետև, 31.03.2005 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է թիվ 392-Ա որոշումը, որով լրացվել է թիվ 147-Ա որոշումը, լիազորելով ՀՀ պաշտպանության նախարարին տնօրինել Նախարարության տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված (ամրակցված) պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում՝ ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով։ ՀՀ կառավարության 31.03.2005թ. թիվ 392-Ա որոշումը ՀՀ նախագահի կողմից վավերացվել է 11.04.2005 թվականին:
Սերժ Սարգսյանը 2005-2006 թվականների ընթացքում իր մտերիմների, ենթակաների, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց և նշված անձանց հետ փոխկապակցված կազմակերպությունների նյութական օգուտն ապահովելու, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների գույք օտարելու և ձեռք բերելու շահադիտական նպատակով, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, մի շարք անձանց, այդ թվում՝ Նախարարության համապատասխան պաշտոնյաների հանցակցությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով խախտելով արարքների կատարման պահին գործող ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, Հայաստանի Հանրապետությանը պատկանող՝ Նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է վերը նշված անձանց՝ այդ կերպ 15 դրվագ վատնման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը»,-նշված է մեղադրանքում։
Ալեքսան Ալեքսանյանի մեղադրանքի դրվագում շոշափվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անունը։ Ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը պաշտոնատար անձին օժանդակել է վատնման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև «Տոյոտա-Երևան» ՍՊ ընկերության մասնակիցներին օժանդակել է օրինականացնել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը։
«2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Ազատի Սարգսյանը, ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 147-Ա և 31.05.2005 թվականի թիվ 392-Ա որոշումներով լիազորված լինելով տնօրինել ՀՀ պաշտպանության նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում՝ ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով, իր ենթակա՝ Նախարարության թիվ N զորամասի հրամանատար Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանին առաջարկել է նյութական օգուտ ստանալու նպատակով ձևականորեն որպես գնորդ մասնակցել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19- ի թիվ 281-Ա և Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1408-Ա որոշումներով Նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1,194 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքի առուվաճառքի գործարքին, դարձյալ ձևականորեն հողատարածքը որպես սեփականություն գրանցել իր անվամբ, ապա այն լիազոր անձի միջոցով վաճառել «Տոյոտա-Երևան» ՍՊ ընկերությանը և ստանալ առուվաճառքից գոյացած գումարը։ Ալեքսան Ալեքսանյանն ընդունելով Սերժ Սարգսյանի առաջարկը պատրաստակամություն է հայտնել ձևականորեն հանդես գալ որպես գնորդ և մասնակցել հիշյալ գույքի օտարման հետ կապված գործարքներին: Վերոգրյալից հետո Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի որդի Սեդրակ Քոչարյանի, ՀՀ նախագահի առաջին օգնականի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձի հոր՝ Անդրանիկ Գևորգյանի և «Լոկալ Դիվիլոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանի հետ փոխկապակցված կազմակերպություն հանդիսացող «Տոյոտա- Երևան» ՍՊ ընկերության նյութական օգուտը՝ վերջինիս կողմից առավել շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք ձեռք բերելը, ինչպես նաև Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանի նյութական օգուտը՝ վերջինիս կողմից եկամուտ ստանալն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց հանցակցությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող՝ ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում,
առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու դիտավորությամբ համաձայնություն է տվել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 281-Ա և Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1408-Ա որոշումներով Նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1,194 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքն (այսուհետ՝ Անշարժ գույքը) օտարել «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերությանը»,- նշված է մեղադրանքում։
Գործով անցնող Վալերի Գրիգորյանը ևս մեղադրվում է օժանդակության մեջ։
Ըստ մեղադրանքի՝ Վալերի Նարիմանի Գրիգորյանը, 2003-2009 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի և նույն նախարարության պաշտոնատար այլ անձանց հետ, 2005 թվականի ընթացքում դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին և խնդրել է բնակարանի վերանորոգման ծախսերը հոգալու համար իրեն ֆինանսապես աջակցելու տրամադրել։
«Վերոգրյալի հիման վրա, Սերժ Ազատի Սարգսյանը, Վալերի Նարիմանի Գրիգորյանին առաջարկել է ձևականորեն գնել 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1408-Ա որոշումներով Նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1,194 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքը և թանկ արժեքով վերավաճառել այն:
Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը Վալերի Գրիգորյանին խոստացել է հիշյալ հողամասը վաճառել շուկայական արժեքից անհամեմատ էժան գնով»,- նշված է մեղադրանքում։
Ի դեպ, այս քրեական գործով վաղեմության ժամկետներն արդեն ավարտվում են։ «Դատալեքս»-ում առկա տեղեկության համաձայն՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը լրանում է վեց ամսից։
Նշենք նաև, որ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում անեթեթ և աբսուրդային էր գնահատել մեղադրանքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր՝ Փաստինֆո