Գազայի հատված է ժամանել ավելի քան 900 բեռնատար՝ մարդասիրական օգնությամբ

Ավելի քան 900 բեռնատար` բարձված մարդասիրական օգնությամբ, ժամանել Գազայի հատված, այն բանից հետո, երբ հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարը։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Պաղեստինի օկուպացված տարածքում գտնվող մեր գործընկերները մեզ ասում են, որ 915 բեռնատար այսօր մտել է Գազա»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է kommersant.ru-ն:
Պարենի համաշխարհային ծրագիրը հունվարի 19-ին հայտարարել է, որ մտադիր է օրական առնվազն 150 բեռնատար մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։ Հորդանանից և Իսրայելից բեռնատարներ կուղարկվեն անկլավի հյուսիսում գտնվող մարդկանց, իսկ Եգիպտոսից՝ հարավ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում ռմբակոծությունների հետևանքով վնասվել կամ ավերվել է 37,400 շենք։ Համաշխարհային բանկը Գազայի հատվածին հասցված նյութական վնասը գնահատում է մոտավորապես 20 միլիարդ դոլար։