Վաշինգտոնյան փաստաթուղթն ԱՄՆ-ին թույլ է տալիս մեծացնել ներկայությունը ՀՀ-ում․ վերլուծաբան

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում Հայաստանն ու Միացյալ Նահանգները Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրություն ստորագրեցին։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փաստաթուղթն անվանեց Ռազմավարական գործընկերության կանոնադրություն, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ՀՀ–ԱՄՆ Ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ամենայն հավանականությամբ՝ նկատի ունենալով հանձնաժողովի կանոնադրություն, գրում է 168.am-ը։

Իշխանամետ մամուլը, վերլուծական շրջանակները փաստաթուղթը որակում են ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության համաձայնագիր, պատմական հանգրվան, սակայն ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում ևս փաստաթուղթն անվանվում է «Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրություն»։ Ուստի չափազանց կարևոր է Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագրի հետ չշփոթելը, քանի որ ռազմավարական գործընկերության համաձայնագրերը հույժ կարևոր երկկողմ փաստաթղթեր են՝ կարևոր հանձնառություններով և երաշխիքներով, ինչն այս փաստաթղթի դեպքում բացակայում է։ Սակայն հարկ է ընդգծել, որ պաշտոնական Երևանը Վաշինգտոնի հետ սերտացրեց գործընկերությունը։ Ի դեպ, դա արեց հեռացող Բայդենի վարչակարգի հետ, և հայտնի չէ, թե ինչ հիմք կընդունի Թրամփի պետքարտուղարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների համար։

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը հաշված օրեր անց հրաժեշտ կտա իր պաշտոնին, բարձր գնահատեց այս անկյունաքարային էջը հայ-ամերիկյան հարաբերություններում՝ նշելով, որ այն հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ հարաբերությունները մի շարք առանցքային ոլորտներում։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծեց, որ ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ ջանքերին՝ հաստատելու իր անկախությունը և ինքնիշխանությունն իր տարածքում։

Նա նշեց, որ հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ համատեղ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար։

Ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ աշխատանքը»,- հայտարարեց Էնթոնի Բլինքենը:

Նա նշեց, որ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի համատեղ զորավարժությունների շրջանակում համագործակցությունը:

Բլինքենի խոսքով՝ այդ հանձնաժողովը մի շարք կարևոր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություն է տալիս՝ պաշտպանական և անվտանգային, տնտեսական, ժողովրդավարության և արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների ոլորտներում:

Խոսելով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցության մասին՝ Էնթոնի Բլինքենն ասել է. «Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»:

Պետքարտուղարը գոհունակությամբ շեշտեց նաև, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիային: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի այս հանձնառությունը»,- ասաց Բլինքենը:

Իր հերթին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ գնահատում է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նա նաև ասաց, որ Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։ Միրզոյանը ևս ուրախությամբ հայտարարեց, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով ՀՀ նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ «Մենք նաև սկսում ենք բանակցություններն ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է՝ որպես «123-րդ համաձայնագիր»։

Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ցանկանում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ։

Կանոնադրությունն ըստ էության ունի 4 հիմնական ուղղություն՝ տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցություն, պաշտպանություն ու անվտանգություն, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, մարդկային կապերի ու մշակութային փոխանակումների խթանում։ Փաստաթուղթն ինքնին բաղկացած է 5 մասից, որոնցից առաջինում ներկայացված են գործընկերության սկզբունքները։

Հաշվի առնելով ՀՀ ներկայիս խոցելի ռեգիոնալ կարգավիճակն ու անվտանգային բարդ իրադրությունն Ալիևյան սպառնալիքների ֆոնին, փորձագիտական համայնքի ակնկալիքը նմանատիպ փաստաթղթերից այս փուլում անվտանգային որոշակի երաշխիքներն էին ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության սառեցման ու պատերազմի սպառնալիքի համատեքստում։ Սակայն փաստաթղթի «Պաշտպանություն և անվտանգություն» բաժնում խոսք է գնում միայն երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով ՀՀ ԶՈՒ-ին աջակցելու մասին։ Մյուս կետերով ամրագրվում է, որ ԱՄՆ-ը կաջակցի ՀՀ սահմանապահ զորքերի և ՊԵԿ կարողությունների զարգացմանը, կաջակցի ՆԳՆ և իրավապահ գերատեսչությունների բարեփոխումների և արդիականացմանն ուղղված ջանքերին, որը կներառի ոստիկանական կրթություն և այլ միջոցառումներ ապահովելու հանրային անվտանգությունը։

168․am–ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ փաստաթուղթը ՀՀ անվտանգության համար որևէ հավելյալ աջակցություն չի պարունակում, սակայն ԱՄՆ-ին թույլ է տալիս մեծացնել ներկայությունը ՀՀ-ում, ինչպես նաև ընդլայնել ԱՄՆ քաղաքական ազդեցությունը Հայաստանի նկատմամբ։ Ըստ նրա, անհասկանալի է, թե հայկական կողմն ի՞նչ է շահում այս փաստաթղթից։

«Եթե ՀՀ իշխանությունները դժգոհում էին ՀԱՊԿ-ի երաշխիքներից, ապա այս մեկում բացարձակապես որևէ երաշխիքի մասին խոսք չկա, ավելին՝ անհայտ է նաև այն, թե ընդհանրապես ինչ ճակատագիր կունենա այն ապագայում, երբ օրեր անց Թրամփի թիմը ստանձնի իշխանությունը»,- նշեց Եվսեևը։

Նրա համոզմամբ, հնարավոր չէ վստահորեն ասել, որ այս երկխոսությունը և գործընկերությունը խորանալու է և ԱՄՆ-ը ՀՀ-ին տալու է այնպիսի երաշխիքներ, ինչպիսին տալիս է Իսրայելին կամ իր ռազմավարական այլ գործընկերներին։

Սակայն, ըստ վերլուծաբանի, միանշանակ է, որ այս փաստաթուղթը ոչ միանշանակ է ընդունվելու Իրանում և Ռուսաստանում։

«Եթե ՀՀ իշխանություններին հետաքրքիր չէ ՌԴ դիրքորոշումը, ապա գոնե Իրանի դիրքորոշումը հետաքրքի՞ր է, թե՞ ոչ։ Եթե նախկինում ՀՀ սահմաններին ԵՄ դիտորդներն էին միայն տեղակայված, ու դա որոշակի անհանգստություն էր առաջացնում Իրանում, ապա ներկայումս ԱՄՆ-ից սահմանային անվտանգության նպատակով մասնագետների այցն է՛լ ավելի է մտահոգելու Իրանին։ Կարծում եմ՝ Իրանը հավելյալ բանակցություններ է նախաձեռնելու այս թեմայով, կամ արդեն իսկ նման խոսակցություն տեղի է ունեցել Իրանի ԱԱԽ քարտուղարի՝ Երևան կատարած այցի ընթացքում»,- նկատեց Եվսեևը։

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ այսօրվա ողբերգական դեպքից Զելենսկին Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Գոնե ձենդ կտրի, այ խղճուկ... Քելլոգը կայցելի Ուկրաինա․ Զելենսկի Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ֆարս նշանակված է Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ․ Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել Ուկրաինան չգիտեր Սաուդյան Արաբիայում բանակցությունների մասին և դրանք չի ճանաչի. Զելենսկի Ռուսաստանն ու Միացյալ Նահագները կքննարկեն Մոտ 300 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել Բացարձակ չզարմանաք նաև, որ սրան ի պատասխան Մինսկն էլ Ադրբեջանին հանձնի բլոգեր Բելային... Հիմա էլ «թռչող հոլանդացին» է փորձելու բարձրացնել մեր ընտրանու առագաստը Ապագա կա, 2 տարում Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների թիվը նվազել է 140-ով Ազզզզզ ջան, ամոթ է...Չգիտես, գոնե մի խայտառակվի... Հերթական զոհը, ո՞վ պետք է պատասխան տա, եթե նախարարն ու գլխավոր շտաբի պետը շոուներում խաղում են Հայերն ու հրեաներն ունեն մեկ այլ ֆենոմենալ նմանություն, որն այս երկու ժողովուրդներին կհասցնի գերեզման Արդեն 3800 ստորագրություն Դատական կարգադրիչների ծառայության պետն ազատման դիմում է գրել Հայտնաբերվել է զինծառայողի մարմին․ Ինքնությունը հայտնի է․ ՀՀ ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am