Շիրակի մարզում բախվել են «KamAZ»–ը և «VAZ»–ը. կան տուժածներ և մեկ զոհ
Նոյեմբերի 9-ին, ժամը 20:56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գետք գյուղի վերջնամասում բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1957 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ Ա. Բ., ծնված 1984 թ.): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 1990 թ.), Ջ. Հ.-ն (ծնված 2011 թ.), Հ. Հ.-ն (ծնված 2014 թ.) և Ա. Հ.-ն (ծնված 2022 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Տեղում բժիշկները արձանագրել են Հ. Գ.-ի մահը, իսկ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և բեռնատարի կցորդիչը մասամբ հեռացրել երթևեկելի գոտուց․ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է: