Չլուծված խնդիրները շատ բարդ են, բայց ԱՄՆ-ում լիահույս են, որ Երևանում և Բաքվում հաշվի կառնեն խաղաղության օգուտները. Փաուեր
Այս պահին ԱՄՆ-ում նախատեսվում է քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ։ Կարծում եմ՝ պետքարտուղար Բլինքենի ուղերձն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը անհավանական մեծ ճանապարհ են անցել, մենք հիշում ենք, թե ինչ կետի վրա էին մեկ տարի առաջ, այսօր կողմերը շատ մոտ են խաղաղությանը։ Այս մասին Երևանում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հաշվի առնելով Ալիևի նոր պահանջները, այդ թվում՝ Սահմանադրությունը փոխելու պահանջը։
«Կարծում եմ, պետք է դիտարկել, թե ինչ հնարավորություններ կբացի խաղաղության պայմանագիրը երկու երկրների համար, դրանք իսկապես լուրջ հնարավորություններ են՝ կապակցվածության, տրանսպորտային ենթակառուցվածքների առումով, ինչպես նաև պետք է դիտարկել, թե ինչ հնարավորություն կբացի այն ամեն առանձին ընտանիքի համար, խոսքը կենսապահովման բարելավման, տնտեսական աճի հնարավորության մասին է։ Երբ սահմանները բացվեն՝ տարածաշրջանային առևտուրն ավելի կընդլայնվի, երբ մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել՝ դա կլինի զգալի դրական տեղաշարժ, որը մեծ հնարավորություններ կընձեռի։
Բնականաբար, չլուծված խնդիրները շատ բարդ և զգայուն են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների և ժողովուրդների համար, սակայն ԱՄՆ-ի տեսանկյունից ուզում եմ ասել, որ մենք լիահույս ենք, որ կողմերը հաշվի կառնեն այդ հնարավորությունները, դրանք այնպիսի հնարավորոթյուններ են, որ չի կարելի հաշվի չառնել»,-ասաց Փաուերը։
Աղբյուր` Փաստինֆո