Կիրանց գյուղի մոտ 3 մետրանոց սահմանային պատ է կառուցվելու. «մինչև ադրբեջանցիները չգան, ամբողջությամբ չենք հասկանալու, թե գյուղի որ հատված են ներխուժելու». Նազարյան

Կիրանցի դպրոցի մոտ փորել են մեծ պատ կառուցելու հիմքը, սակայն բնակիչները դեռ չգիտեն, թե գյուղի միջով ինչպես է անցնելու հայ-ադրբեջանական սահմանը։
ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Անդրանիկ Նազարյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ դպրոցի մոտ պատը լինելու է մոտ երեք մետր բարձրության։
«Մինչև ադրբեջանցիները չգան ամբողջությամբ չենք հասկանալու , թե գյուղի որ հատված են ներխուժելու»,- ասաց Ա. Նազարյանը՝ նշելով, որ ադրբեջանցիների դրոշն արդեն տեսնում են, բայց բնակիչներին թույլ չեն տալիս մոտենալ ամեն հատվածի. արգելված տեղեր կան։
«Մինչ օրս ՀՀ իշխանավորները մեզ ինչ ասել են, խաբել են»,- ասաց Նազարյանը՝ ավելացնելով, որ դպրոցի մոտ, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը ևս փորված է։
Այսօրվանից չի գործում նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ Կիրանց գյուղի միջով անցնող հատվածը։ Հերթապահող պարեկները բոլոր մեքենաներին ուղղորդում են դեպի Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհը։
«Ճանապարհը գրեթե պատրաստ է, մի փոքր կահավորման հարցեր են մնացել, կարող ենք այդպես երթևեկել։Երևի այսօրվանից են անում, որ սկսենք սովորել», - «Փաստինֆո»-ին ասաց Անդրանիկ Նազարյանը։