Wizz Air ավիաընկերության ուղևորները մոտ 10 ժամ գտնվել են Միլանում՝ զրկված անգամ սննդի հնարավորությունից. ահազանգում է ուղեւորը
Wizz Air ավիաընկերության ուղևորները մոտ 10 ժամ գտնվել են Միլանում։«Թռիչքն իրականացնելու ընթացքում ավիաընկերությունը տարօրինակ պահվածք էր դրսևորում», - «Փաստինֆո»-ին ասաց մեր գործընկերուհի, լրագրող Գոհար Հակոբյանը, որը եղել է ուղևորների թվում։
Գոհարը պատմեց, որ Միլան- Երևան թռիչքը նախատեսված էր ժամը 23։15ին, անձնագրային ստուգումն անցնելուց հետո նկատել են, որ բորդուղեկցորդներն այլայլված են։
«Մեզ ասացին, որ անձնակազմի անդամներից մեկը վատառողջ է, շտապօգնությունը ժամանել է ու տարել նրան։ Ուղևորները ենթադրեցին, որ վատառողջը օդաչուն էր, քանի որ այլ մեկի դեպքում դժվար չվերթը չեղարկեին։ Երկու անգամ տարան, բերեցին, երկու անգամ անձնագրային ստուգում անցանք, նստեցում եղավ , ավտոբուսով մի քանի անգամ տարան, բերեցին, հետո մի փոքր սենյակում սկսեցինք սպասել, չափազանց շոգ տարածքում՝ առանց սննդի, կապի միջոցների»,- պատմել է Գոհարը՝ նշելով, որ միայն 5-րդ փորձձից հետո միայն թռիչքը կայացել է։ Նրա փոխանցմամբ՝ ավիաընկերությունը ոչնչով ուղևորներին չի ապահովել, ոչ մի հարցով չի աջակցել։
«Հարցեր էինք տալիս, ասում են մեզ մի հարցրեք, կապվեք ուղևորների սպասարկման բաժնի հետ, իսկ այդ բաժնի հետ կապ հաստատել չէր լինում։ Միջազգային կանոնակարգի համաձայն՝ խնամքի իրավունք պետք է որ ունենայինք, սննդի իրավունք, բայց ոչինչ չարվեց։ Հետո օդաչուներից մեկը մեզ տարօրինակ բացատրություն տվեց՝ ասելով, որ սկզբում անձնակազմի անդամ է վատացել, իսկ թռիչքի երկրորդ փորձի ժամանակ պարզվել է, որ ինքնաթիռն անսարք է, երրորդ փորձին՝ օդանավն այլ խնդիր ուներ։ Ասաց, որ այդ օդանավը ինչ –որ պատերազմող երկրի ՝ Ուկրաինայի տարածքով անցած ինքնաթիռ էր, նման պարագայում չուներ իրավունք քաղաքացիական թռիչքներ անցկացնելու» , - իրավիճակը ներկայացրեց Գոհար Հակոբյանը։
Միլան –Երևան չկայացած թռիչքի պատճառով չէր կայացել նաև հակառակ ուղղությամբ՝ Երևան –Միլան, նախատեսված չվերթը։ Նա նշեց, որ մի քանի ժամ անց ինքը կապվել էր Իտալիայում Հայաստանի դեսպանատան հետ, որտեղից խոստացել էին աջակցության համար պաշտոնյա ուղարկել, եթե ՀՀ քաղաքացիները շարունակեն մնալ Միլանում, սակայն թռիչքի 5-րդ փորձը կայացել էր ու դեսպանատան, այդ քաղաքում հյուպատոսարանի ներկայացուցչի գալու անհրաժեշտություն այլևս չէր եղել։