Ամեն բան առաջ է ընթանում նախօրոք գծված ծրագրով. քաղտեխնոլոգ
Բոլորովին պարտադիր չէ, որ անընդհատ գործողություն լինի, որ շարժումն արթուն մնա, բացառված չէ, որ գերլարումից շարժումն ավելի կարող էր վնասվել և մարդկանց մոտ գերհոգնածություն լիներ։ Ամեն բան կախված է նրանից, թե ծրագիրն իրականացնողները ինչ են պլանավորել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով ակցիաների բացակայությանը և շարժման առերևույթ պասիվացմանը։
«Հիմա արդեն ակնհայտ է, որ ամեն բան առաջ է ընթանում նախօրոք գծված ծրագրով եւ ոչ թե ոտքի վրա կանգնած որոշումներ են ընդունվում։ Գուցե նրանք, ովքեր մտածել են ծրագիրը՝ հաշվարկել էին, որ պետք է որոշակի դադարի իրավիճակ լինի, որպեսզի հասարակության մոտ չառաջանա գերհոգնածություն, որը չհանգեցնի հերթական ապատիայի առ այն, որ որ այս անգամ էլ ոչինչ չի ստացվում։ Կարծում եմ՝ հենց այդպես էին նախագծել»,- նշել է քաղտեխնոլոգը։
Նա ընդգծեց, որ իրականում ամեն բան կախված է նրանից, թե շարժման նախաձեռնողներն ինչպես կաշխատեն։ «Եթե լավ աշխատեն՝ մարդկանց մեծ քանակ կներգրավվի, վատ կաշխատեն՝ չի ներգրավվի։
«Իհարկե, մի մասի մոտ կարող է հուսահատություն լինել, քանի որ հայերի մոտ այսօր, առավելագունը վաղը օգուտ ստանալու հոգեբանությունը կա, մարդիկ ակնկալում են, որ եթե այսօր աշխատում են, ջանք են ներդնում, առավելագունը վաղը պիտի արդյունք ստանան, եթե չեն ստանում՝ հետ են կանգնում»։
Բադալյանը նաև ընդգծեց, որ իրականում մայիսի 26-ի հանրահավաքի բազմամարդությունը դեռ ոչինչ չի նշանակում։ «Կարող է լինել 100 000-անոց հանրահավաք ու շարժումը արդյունք չունենա, բայց կարող է լինել նաև 25 000-արանոց հանրահավաք և գործընթացը դրական արդյունք ունենա։
Մարդկանց առատությունը կարևոր է, բայց վճռորոշ չէ»։
Հարցին, թե ինչն է վճռորոշ նշանակություն ունենալու՝ նա պատասխանեց, որ դրանք ծրագրի կետերն են, որոնց մասին իրենք չեն բարձրաձայնում։ «Անգամ անուններ հնչեցնելը այնքան վճռորոշ չի լինելու, որքան ծրագրային կետերը և գործողությունների արդյունավետությունը»,-ասաց Բադալյանը։