Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան
Սկսված պրոցեսը, շարժումը պետության Էքզիստենցիալ խնդիր է լուծում, պետության լինել- չլինելու հարցն է լուծում, դրանից հետո, թե ով՝ ինչ կպահանջի, էական չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով Բագրատ սրբազանի առաջնորդած երթին դեպի Երևան։
Դիտարկմանը, թե հստակ իշխանափոխության կամ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չի հնչում, ինչը իշխանությունների համար ընկալելի չէ։ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե չեն հասկանում ինչ պահանջ ունեն և ինչ են առաջարկում երթի մասնակիցները՝ Քոչարյանը պատասխանեց. «Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, էդ որ մինչև հիմա հնչում էր այդ հրաժարականի պահանջը՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել։ Երբ Փաշինյանը սկսեց քայլել Գյումրիից, այն ժամանակ էլ ոչ մեկի համար հասկանալի չէր, որ Փաշինյանը իշխանության է ուզում գալ, Փաշինյանը չէր ասում, որ ու գալիս էր վարչապետ դառնալու, Փաշինյանն ասում էր «Մերժիր Սերժին»։ Եւ միայն հետո, երբ բանը բանից անցել էր՝ ասեց, կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Փաստեր կան չէ»,- արձանագրեց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի մեկ այլ պնդմանը, թե իրենց արածն են նորից փորձում կրկնել, նա հարցրեց՝ իսկ ՔՊ-ն ո՞ւմ էր կրկնել։
«Իրենց անունը Ջին Շա՞րփ է արդեն, հենց հիմա էլ այդ տեխնոլոգիաները կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում։ Ես կարծում եմ, որ առայժմ ամեն բան շատ լավ է ընթանում, այս պահին արվում է առավելագույնը»,- նշել է նա։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձեւավորվել է ընդդիմանալու իշխանությունների նախաձեռնած ապօրինի սահմանազատմանը։ Մայիսի 4-ին Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ որոշվել է տեղափոխվել Երեւան, քանի որ հարցերի պատասխանները գտնվում են Երեւանում եւ նույն օրը մեկնարկեց քայլերթը։ Անցած երեք օրերին տարբեր մտավորականներ, ստեղծագործողներ, ազատամարտիկներ, եւ, ընդհանրապես, երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ իրենց համերաշխությունն են հայտնել քայլերթին, որի մասնակիցները Երեւանում կլինեն մայիսի 9-ին։